Ռուսաստանը պլանավորում է ամսական 15 մլն չափաբաժին պատվաստանյութ թողարկել գարնանը
Ռուսաստանում կորոնանվիրուսի դեմ պատվաստանյութի արտադրության ծավալները կարող են դեկտեմբերին դառնալ 1,5 մլն չափաբաժին, 3-3,5 միլիոն՝ հունվարին եւ հետո ավելանալ բազմակի՝ ամսական մինչեւ 15 միլիոն՝ հաջորդ տարվա գարնանը: Այդ մասին լրագրողներին հայտարարել է ՌԴ-ի արդյունաբերության եւ առեւտրի նախարարության ղեկավար Դենիս Մանտուրովը:
«Մենք մեր առջեւ արտադրության հարցում այդպիսի խնդիր ենք դնում. 800 հազար չափաբաժին՝ նոյեմբերին, 1,5 միլիոնով պլանավորում ենք դուրս գալ դեկտեմբերին, 3-3,5 միլիոնով՝ հունվարին, եւ այնուհետեւ մասշտաբը կավելանա բազմակի: Այսինքն՝ մենք ի վիճակի կլինենք հաջորդ տարվա գարնանը ամսական արտադրել 15 միլիոն չափաբաժին»,-հայտարարել է նախարարը:
Նա ճշտել է, որ խոսքը Գամալեայի անվան գիտահետազոտական կենտրոնի եւ Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամի «Սպուտինկ V» պատվաստանյութի մասին է: Դրա հետ մեկտեղ Մանտուրովը նշել է, որ դեղագործական ընկերությունների ամենագլխավոր խնդիրը, որոնց մեծ մասն արդեն միացել է պատվաստանյութի վրա աշխատանքին, արտադրության ծավալի մասշտաբայնացումն է:
«Երբ մենք կստանանք պատվաստանյութի որակի եւ կայունության հաստատումները մեծ չափի ռեակտորների վրա, ապա կարելի կլինի վստահորեն խոսել ամենամսյա արտադրության որակի մասին: Այսօր մենք միայն կարող ենք տալ մոտավոր ծավալներ»,-ճշտել է Մանտուրովը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: