«Հայաստանի կողմից Արցախի ճանաչումը ժամերի կամ օրերի հարց է». Տիգրան Քոչարյան

Մեդիափորձագետ Տիգրան Քոչարյանի կարծիքով՝ և՛ Հայաստանի վարչապետի, և՛ Արցախի նախագահի ուղերձների հիմնական մեսիջն այն էր, որ և՛ Հայաստանը, և՛ Արցախը պայքարելու են մինչև վերջ:

«Եվ դեռևս որևէ առաջարկ, որը եղել է, ներկա պահին Հայաստանի համար ընդունելի չէ: Այսինքն՝ ուղերձի հիմնական մասը դա էր: Սպասվում էր, որ Արցախի ճանաչման հարցը կդրվի. կարելի է ասել՝ դա էլ շոշափվեց, այսինքն՝ դեռևս բացահայտ դա չարվեց, բայց իմ կարծիքով՝ դա ժամերի կամ օրերի հարց է»,- 168TV«Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա:

Հարցին՝ ի՞նչ կփոխվի, եթե այս պահին Հայաստանը ճանաչի Արցախի անկախությունը, նա պատասխանեց. «Շատ բան կփոխվի, որովհետև Հայաստանը կկարողանա իր ուժերը ներգրավել և Արցախին աջակցել այն չափով, ինչքանով որ պատերազմական իրավիճակում: Գումարած դրան՝ արդեն, եթե ճիշտ աշխատանք գնա, և որոշ երկրներ ևս ճանաչեն Արցախի անկախությունը, արդեն նաև դիվանագիտական ճակատում դա անել»:

Դիտարկմանը՝ Ալիևը սպառնում է, որ Ադրբեջանը հարաբերություններ չի ունենա այն երկրների հետ, որոնք կճանաչեն Արցախի անկախությունը, նա այսպես արձագանքեց. «Ենթադրենք՝ Ուրուգվայը ճանաչում է, ինքը թքած ունի Ադրբեջանի սանկցիաների վրա: Եթե ճանաչում է Ֆրանսիայի նման երկիր, ո՞վ է Ադրբեջանը այդ պարագայում: Այսինքն՝ այստեղ մաքսիմում, ում վրա կարող է հոխորտալ Ալիևը, իր դաշնակիցներն են, որովհետև աշխարհի մեծերը եթե որոշեն ճանաչել, իրենք Ադրբեջանի վրա չեն նայելու»:

ՌԴ ԱԳ նախարար Լավրովը այսօր հայտարարեց, որ առաջարկությունները, որոնք համանախագահները մշակել են և շարունակում են մշակել, մնում են բանակցային սեղանին. «Բոլոր պայմանավորվածությունները, որոնք վերջին շրջանում են քննարկվել և որոնք լրջորեն են ընկալվել կողմերի կողմից, առաջին փուլում ենթադրում են 5 շրջանների ազատում, 2 շրջանը թողնելով երկրորդ փուլի համար, ինչպես նաև երկրորդ փուլում թողնելով Ղարաբաղի վերջնական կարգավիճակի հարցը։ Իսկ առաջին փուլում, բացի հինգ շրջանների վերադարձից, կբացվեն բոլոր կոմունիկացիաները, տնտեսական, տրանսպորտային կոնտակտները, և կտեղակայվեն խաղաղապահներ, որոնք կերաշխավորեն ռազմական գործողությունների չվերսկսումը»:

Տիգրան Քոչարյանից հետաքրքրվեցինք՝ արդյո՞ք սուբստանտիվ բանակցությունները, որոնք արձանագրված էին նաև ՀՀ, Ադրբեջանի և ՌԴ ԱԳ նախարարների հայտարարության մեջ, հենց վերոնշյալ քայլերն են ենթադրում:

«Բացի դրանից՝ Լավրովը նաև ասել է, որ պետք է առաջնահերթ ռազմական դիտորդները տեղակայվեն շփման գծով, հետո նոր այս, այս, այս բաները պետք է լինեն: Իմ կարծիքով՝ դա ինչ-որ ձևով նաև ուղերձ էր, որ այս պատերազմը կանգնեցնենք՝ ռազմական դիտորդներ տեղակայելով, հետո արդեն հասկանանք՝ ինչ ենք անում: Երկրորդ՝ Հայաստանում արդեն մեղադրանքներ կան, որ սա ռուսների՝ մեր վզին փաթաթած ինչ-որ բան է. սա համանախագահների կողմից համաձայնեցված պլան է, և այս առաջարկի համար պատասխանատվությունը հավասարաչափ կիսում են և՛ ԱՄՆ-ի, և՛ Ֆրանսիայի կողմից ՄԽ համանախագահները: Այսինքն՝ վերագրել սա մի կողմին՝ սխալ է, և այդքան էլ արդյունավետ չէ ներկա պահին դա անել: Եվ երրորդ՝ այս ամենը պետք է մեկնաբանի մեր ԱԳՆ-ն՝ կամ նախարարի, կամ խոսնակի մակարդակով, որովհետև այստեղ բաներ են գրված, որոնց պատասխանները միայն իրենք գիտեն»,- ի պատասխան՝ ասաց Տիգրան Քոչարյանը:

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս