«Պետք է ընդհանուր լեզու գտնել ՌԴ-ի, Իրանի հետ և փորձել առկա լծակների միջոցով ազդել Վրաստանի վրա». Բորիս Առուշանյան

Թուրքիան բացահայտ պատերազմ է վարում Ադրբեջանի կողմից: Ցանկացած փոխզիջում նրան ձեռնտու չէ, քանի որ կհանգեցնի Հայաստանի ուժեղացմանը: 168.am-ի հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահ Բորիս Առուշանյանը, ով 1992-1993թթ. ղեկավարել է Արցախի պատվիրակությունը Մինսկի խմբի շրջանակներում ընթացող Հռոմի բանակցություններում:

«Ես 1991-ից պնդում եմ, որ նրանք Հայաստանին հանգիստ կթողնեն միայն այն դեպքում, երբ ՀՀ-ից կմնա միայն Արարատյան դաշտավայրը՝ զրկված արտաքին աշխարհի հետ կապից: Նրանք մեզ ընտրություն չեն թողնում: Եվ այս մադրիդյան, և այլ սկզբունքները ենթադրում են միայն Արցախի դանդաղ փոխանցում թշնամուն»,- նշեց նա:

Իսկ թե ռազմական գործողությունների ներկա փուլում ո՞րն է ճիշտ՝ Արցախի անկախության ճանաչո՞ւմը, թե՞ Հայաստան-Արցախ ռազմավարական դաշինքը, Բորիս Առուշանյանն ասաց, որ դաշինքն առանց անկախության ճանաչման՝ միայն կխորացնի իրավիճակը, քանի որ Ռուսաստանը նորից նույն երգն է երգելու, իսկ Արևմուտքը սպասելու է, թե Հայաստանի համար ռուսներն ու թուրքերն ինչպես են «մրցելու»:

«Դիվանագիտության մեջ շատ բան ենք կորցրել, բաց թողել: Հիմա պետք է ընդհանուր լեզու գտնել ՌԴ-ի, Իրանի հետ և փորձել առկա լծակների միջոցով ազդել Վրաստանի վրա: Թուրքիային պետք է զսպի Ռուսաստանը, քանի որ նա նույնպես հայտնվել է տարածաշրջանից դուրս մղվելու վտանգի տակ»,- շեշտեց Արցախի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահը:

Ինչ վերաբերում է Սփյուռքին, ապա, ըստ Առուշանյանի, լավ կլինի, որ միտինգների փոխարեն՝ նյութական աջակցություն ցուցաբերեն, ինչպես դա ընդունված է հրեաների մոտ՝ միլիարդավոր դոլարներ:

Տեսանյութեր

Լրահոս