«А чему он удивляется? Этот человек что не является грантоедом ?». Владимир Соловьев
Քիչ առաջ 168.am-ի հրապարակած նյութին ի պատասխան՝ ՀՀ Հանրային խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանը սպառնացել էր մեզ դատի տալ՝ իբր կեղծ ինֆորմացիա հրապարակելու համար: Նրա այդ գրառումներին և հայհոյախառն սպառնալիքներին, իհարկե, դեռ առանձին կանդրադառնանք։
Ավելին, նա գրել էր․ «Պահանջում եմ այդ կայքի խմբագիր Սաթիկ Սեյրանյանից առանց հապաղելու հանդես գալ ներողությամբ՝ ռուսաստանցի լրագրող Վլադիմիր Սոլովյովից, ում վերագրել է արտահայտություններ, որոնք նա չի արել, Հանրային խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանից՝ բարի և գործարար համբավը արատավորելու համար, հայ հանրությունից և ընթերցողներից՝ միտումնավոր կեղծիք և ապատեղեկատվություն տարածելու համար»:
Մնացածը չենք հրապարակում. Նրա մտքի «գոհարներին» ծանոթանալ ցանկացողները կարող են մտնել սույն սուբյեկտի էջ ու կարդալ:
Բայց Վլադիմիր Սոլովյովից ներողություն խնդրելու փոխարեն՝ մենք կապ հաստատեցինք նրա հետ: Վերջինս ասաց, որ տեքստի հեղինակն ինքը չէ, բայց այն տեղադրված է իր Տելեգրամ ալիքում, նույնիսկ զարմացավ՝ իսկ ո՞րն է խնդիրը:
«Իմ ալիքում կա այդ տեքստը: Հեղինակն «Ինֆո Արմենիան» է, իմ խմբագիրները հարմար են գտել դա տեղադրել իմ ալիքում, ո՞րն է խնդիրը: Իմ լրահոսում եղած ինֆորմացիան մենք ֆիլտրում ենք, և որը հարմար ենք գտնում, տեղադրում ենք»,- ասաց Վլադիմիր Սոլովյովը:
Ասացինք, որ Ստյոպա Սաֆարյանը 168․am-ին մեղադրում է կեղծ տեղեկություն տարածելու մեջ:
«А чему он удивляется? Этот человек что не является грантоедом ?»,- տարակուսեց ռուս հայտնի հաղորդավարը:
Վերջինս կրկին կրկնեց․ «Իսկ ի՞նչ է՝ նա գրանտակեր չէ՞, ի՞նչն է վիճարկում Ստյոպա Սաֆարյանը»:
Ասացինք, որ վիճարկում է այն, որ Դուք նման բան չենք ասել, իսկ մենք թարգմանաբար այն որպես Ձեր հեղինակած տեքստ ենք ներկայացրել ու վարկաբեկում ենք նրան:
«Եվս մեկ անգամ ասեմ: Տեքստն առկա է իմ Տելեգրամ ալիքում, ես այն անձամբ չեմ գրել, այն մինչև հիմա էլ կա, և իսկապես ո՞րն է խնդիրը, եթե այն իմ ալիքում հիմա էլ կա»,- ասաց ռուս քաղաքական մեկնաբանը:
Շնորհակալություն հայտնեցինք զրույցի համար, ինչին Վլադիմիր Սոլովյովը պատասխանեց.
«Да, Вам спасибо, просто мне действительно не понятно, за что он на вас собирается подать в суд?»: Վլադիմիր Սոլովյովը ծիծաղելով հավելեց՝ «Удачи ему, так скажем»:
Մինչ Վլադիմիր Սոլովյովն ամեն դեպքում փորձում էր հասկանալ, թե ինչի՞ց է վիրավորվել Ստյոպա Սաֆարյանը, նկատենք, որ նրա Տելեգրամ ալիքում գրառումը ոչ միայն առկա է, այլև թեժ քննարկվում է՝ ավելի քան 400 մեկնաբանություններով։
Ստյոպա Սաֆարյանը կարող է անձամբ թերթել մեկնաբանությունները և ծանոթանալ դրանց բովանդակությանը։
Հ․Գ․ Ի դեպ, Սոլովյովը ոչ միայն մեզ չպահանջեց ներողություն խնդրել, այլև պատրաստակամություն հայտնեց առավել մանրամասն ծանոթանալ Ստյոպա Սաֆարյանի գործունեությանն ու տեսակետներին առհասարակ։
«168 Ժամ»