«Հրթիռակոծության ժամանակ միայն հասցրել եմ երեխայիս վերցնել ու դուրս գալ». Բերձորցի ընտանիքին սնունդ և հագուստ է անհրաժեշտ

Արցախից Հայաստան ժամանակավոր տեղափոխված Լիլիի ընտանիքին օգնություն է պետք. առաջին հերթին անհրաժեշտ է հագուստ և սնունդ:

«Բնակվում ենք հայրենակիցներից մեկի տանը, տեղափոխվել ենք Բերձորից՝ մորս, տատիկիս և երկու ամսական բալիկիս հետ միասին: Ամուսինս եղբորս հետ միասին պաշտպանում է մեր Հայրենիքը: Հրթիռակոծության ժամանակ միայն հասցրել եմ երեխայիս վերցնել ու դուրս գալ, ինձ համար կարևորը երեխան էր, էլ ոչինչ չհասցրեցի անել՝ ոչ մի փաստաթուղթ, իր չեմ կարողացել ինձ հետ բերել: Մայրս՝ սոցիալական քարտը, իսկ տատիկս էլ՝ անձնագիրն է կարողացել վերցնել»,- 168.am-ի հետ զրույցում ասաց նա:

Ընտանիքին օգնել կարող եք «Իդրամ» վճարային համակարգի միջոցով. Իդրամ ID և QR կոդը՝ 867549447, հեռախոս՝ 077156762:

Նշենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից սանձազերծված լայնամասշտաբ ռազմական գործողությունների հետևանքով Արցախից Հայաստան ժամանակավորապես տեղափոխված քաղաքացիների ընդունելությունը պատշաճ կազմակերպելու և նրանց սոցիալական աջակցությունը համակարգելու նպատակով՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը ստեղծել է Արցախից ժամանող քաղաքացիների ժամանակավոր կայանման կետ:

Արցախից նոր ժամանող քաղաքացիները, ովքեր Հայաստանի Հանրապետությունում չունեն ժամանակավոր բնակության վայր կամ հյուրընկալող, կարող են այցելել Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջան, Ներսիսյան 14/1 հասցեում գտնվող «Հայորդաց տան» շենքում ստեղծված կայանման կետ, որտեղից կկազմակերպվի նրանց տեղափոխումը ժամանակավոր կացարաններ:

Կայանման կետը գործում է շուրջօրյա՝ ապահովելով միջգերատեսչական համագործակցություն՝ քաղաքացիների կարիքներին հնարավորինս օպերատիվ արձագանքելու համար:

Հիշեցնենք, որ ռազմական դրության պայմաններում 117 հեռախոսահամարով գործում է տեղեկատվական թեժ գիծը, որին կարող եք զանգահարել բոլոր հարցերով՝ բացառությամբ Պաշտպանության նախարարությանն առնչվող հարցերի։

Տեսանյութեր

Լրահոս