ՔՊ-ն պետք է կազմի մեծ վաշտ, որի մեջ կլինեն դեպուտատներ, նախարարներ, փոխվարչապետներ, և գնանք ամենաթեժ կետը. Արթուր Համբարձումյանը հանդես է եկել առաջարկով
Շիրակի պետական համալսարանի (ՇՊՀ) դասախոս, քաղաքագետ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համահիմնադիր և նախկին անդամ Արթուր Համբարձումյանն այսօր ֆեյսբուքյան ուղիղ միացմամբ կոչ-առաջարկություն արեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության իր նախկին գործընկերներին՝ նրանց հորդորելով վաշտ կազմել ու գնալ առաջնագիծ:
«Դուք այս ամենի մեջ ունեք ուղիղ պատասխանատվություն և դուք մի քանի անգամ հայտարարել եք, որ հայրենիքի համար պատրաստ եք զոհվելու: Հիմա ես առաջարկություն եմ անում, մենք դնում ենք մեր բոլոր նախկինում ունեցած տարաձայնությունները կողքի, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը կազմում է մեկ վաշտ՝ մոտավորապես 80-100 հոգի, որի մեջ լինում են դեպուտատներ, նախարարներ, փոխվարչապետներ, և գնում ենք, քանի դեռ պատերազմը չի կանգնել, գնում ենք ամենաթեժ կետը: Դիմում եմ Միրզոյան Արարատին, դիմում եմ Ավինյան Տիգրանին, որպես նախկին կուսակցական ընկեր, որպես «Քաղաքացիական պայմանագիր կուսակցության հիմնադիր, կարճ ժամանակահատվածում իրականացնել այս վաշտի ստեղծումը, որը, էլի եմ ասում, պետք է կռվի ամենաթեժ տեղը: Թող Աստված օրհնե Հայաստանը»,- ուղիղ միացմամբ ասաց Արթուր Համբարձումյանը: