«Թշնամու նման կորուստներ՝ ոչնչի դիմաց կամ մեկ-երկու դիրքի կամ նույնիսկ գյուղի դիմաց, այս պահի դրությամբ տոտալ պարտություն է». Արման Եղոյան
«Նույնիսկ կարճատև հրադադարից հետո, ադրբեջանական հասարակությունը տարբեր աղբյուրներից հնարավորություն է ստանալու տեղեկանալու իրենց կորուստների իրական թվերի մասին։ Կարծում եմ՝ սա ներքաղաքական լրջագույն խնդիրներ է ստեղծելու Ադրբեջանի ղեկավարության համար, քանի որ հարձակվող կողմն անգամներով ավելի շատ կորուստներ է կրում, և կրել նման կորուստներ՝ ոչնչի դիմաց կամ մեկ-երկու դիրքի կամ նույնիսկ գյուղի դիմաց, դա այս պահի դրությամբ տոտալ պարտություն է։ Այդ պատճառով էլ նրանք փորձում են հնարավորինս բարելավել իրենց դիրքերը, որպեսզի երբ բացահայտվի իրենց կորուստների քանակը, գոնե իրենց հասարակությանը ներկայացնելու ինչ-որ բան ունենան, որովհետև այն, ինչ հիմա իրենք ունեն, համեմատելի չէ իրենց ունեցած կորուստների հետ»,- այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը։
Հարցին հիմքեր տեսնո՞ւմ է, որ տարբեր երկրներ կճանաչեն Արցախի անկախությունը, Արման Եղոյանը պատասխանեց՝ միանշանակ հիմքեր տեսնում է, քանի որ այժմ հակամարտության կոնտեքստը փոխվել է, և հիմա այլևս ոչ թե պետք է հավասարակշռել տարածքային ամբողջականության և ազգերի ինքնորոշման սկզբունքները, ինչպես առաջ էր արվում, այլ ուղղակի արցախահայությանը ֆիզիկական ոչնչացումից կամ լավագույն դեպքում տեղահանումից փրկելու համար, պետք է ճանաչել նրանց միջազգային իրավունքի սուբյեկտ։
«Կարծում եմ՝ միջազգային հանրությունն այս լեզուն լավ է հասկանում, քանի որ աշխարհի ոչ մի կարգ ու կանոնով չկա նման բան, որ կարելի է ռմբակոծել քաղաքացիական ենթակառուցվածքները, օգտագործել կասետային ռումբեր, այսինքն՝ թշնամին արեց մի բան, որն ամբողջ աշխարհը դատապարտում է»,- ընդգծեց Արման Եղոյանը։