Կյանքից հեռացել է Արցախյան ազատամարտի մասնակից, «Արմենպրես»-ի նախկին թղթակից Շուշանիկ Աբրահամյանը

«Արմենպրես» պետական լրատվական գործակալությունը խոր վշտով տեղեկացնում է, որ կյանքից հեռացել է գործակալության նախկին թղթակից, Արցախյան ազատամարտի մասնակից Շուշանիկ Աբրահամյանը:

Աբրահամյանը 1990-ական թվականներին աշխատել է «Արմենպրես» լրատվական գործակալության Հանրապետական լրատվության գլխավոր խմբագրության սեփական թղթակիցների բաժնում որպես ԼՂՀ-ում սեփական թղթակից:

2000-ականներին աշխատել է գործակալության Հասարակական-քաղաքական և սոցիալ-տնտեսական լրատվության բաժնում որպես թղթակից:

Շուշանիկ Աբրահամյանը ծնվել է 1953 թվականի փետրվարի 10-ին Արագածոտնի մարզի (նախկինում Սպիտակի տարածաշրջան) Գեղարոտ գյուղում:

Արցախյան ազատամարտի մասնակից, Ծովակալ Իսակովի անվան մեդալակիր, «Մայրական երախտագիտություն Արցախի քաջորդիների» հուշամեդալակիր, ԽՍՀՄ լրագրողների միության և Հայաստանի ժուռնալիստների միության անդամ Շուշանիկ Աբրահամյանի համար Արցախը դրախտավայր էր: «Արմենպրես»-ին պատմել է՝ երբ պատկերացնում է դրախտը, աչքերի առջև Արցախն է գալիս: Նրա խոսքով, մինչև հանրաքվեն, Արցախն արդեն ինքնորոշվել ու կողմնորոշվել էր, որ Հայաստան է: «Հանրաքվեն միայն դրսի աշխարհի համար էր, որ այս ժողովուրդն ինքնորոշման իրավունք ունի: Մինչև հռչակագիրն էլ Արցախն արդեն ինքնորոշվել էր, 88-ի շարժման տարիներին, գուցե դրանից առաջ էլ մարդիկ են եղել, ձայն են բարձրացրել, ըմբոստացել են: Ինչպես Լեոնիդ Ազգալդյանն էր ասում` սա Հայաստանն է ու վերջ»,-նշել էր Շուշանիկ Աբրահամյանը:

168․am-ը ցավակցում է հայտնում Շուշանիկ Աբրահամյանի հարազատներին, մերձավորներին։

Տեսանյութեր

Լրահոս