ԱՀԿ-ն մեկ շաբաթում վարակման ավելի քան 2,2 մլն դեպք է արձանագրել աշխարհում. առավելագույն աճ
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) արձանագրել է կորոնավիրուսով վարակումների թվի՝ համավարակից սկզբից ի վեր ամենաբարձր աճը՝ ավելի քան 2,2 միլիոն դեպք մեկ շաբաթում: Ընդհանուր առմամբ, ԱՀԿ-ի հաշվարկներով՝ հոկտեմբերի 13-ի առավոտյան աշխարհում վարակումների թիվը գերազանցել է 37,42 միլիոնը, մահացել է 1,07 միլիոն մարդ։ Վարակի տարածման տեմպերով առաջատարների եռյակում են Հնդկաստանը, ԱՄՆ-ը եւ Բրազիլիան:
Եվրոպայում վարակումների աճով անցալ շաբաթ առաջատարներն են եղել Մեծ Բրիտանիան եւ Ֆրանսիան, երրորդ հորիզոնականում է հայտնվել Ռուսաստանը: Կորոնավիրուսի հետ կապված մահացու վախճանների թիվն ավելացել է ավելի քան 39 հազարով, ինչը մոտավորապես համապատասխանում է նախորդ շաբաթվա ցուցանիշին: Առավել բարձր մահացություն էրանցվել Հնդկաստանում, հետեւում են Մեքսկան, ԱՄՆ-ը եւ Բրազիլիան: Անցյալ շաբաթ, ԱՀԿ-ի տվյալների համաձայն՝ առավել մեծ թվով մահացու վախճաններ՝ ավելի քան 6,5 հազար, արձանագրվել է Հնդկաստանում:
5 հազարից ավելի մարդ է մահացել Մեքսիկայում, ԱՄՆ-ում մահացել է 4,8 հազարից ավելի կորոնավիրուսով հիվանդ, Բրազիլիայում՝ ավելի քան 4,2 հազար: Այս նույն երկրները, միայն այլ հաջորդականությամբ՝ ԱՄՆ, Բրազիլիա, Հնդկաստան, Մեքսիկա, պահպանում են առաջնությունը մահացածների ընդհանուր քանակով: Տարածաշրջանների թվում կորոնավիրուսի պատճառով մահացածների թվի աճով առաջատարը Հյուսիսային եւ Հարավային Ամերիկան է, որտեղ յոթ օրում արձանագրվել է 20 հազարից ավելի մահացու վախճան: Եվրոպայում մեկ շաբաթում մահացել է 6,1 հազարից ավելի մարդ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: