«Պաշտպանության բանակը ամեն ինչ անում է, որպեսզի հայրենիքը պաշտպանի և հակառակորդի բոլոր ոտնձգությունները չեզոքացնի». Վահրամ Պողոսյան
«Գիշերը Ստեփանակերտում օդային տագնապի ազդանշան եղել է, սակայն, բարեբախտաբար, հրթիռային, հրետանային հրետակոծություն չի եղել»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը։
Անդրադառնալով Մոսկվայում Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպմանը և հումանիտար հրադադար հայտարարելու վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածությանը և դրանից հետո թշնամու ռազմական գործողությունների շարունակությանը, Վահրամ Պողոսյանն ասաց, որ այս ամենը ևս մեկ անգամ ապացուցում են, որ պաշտոնական Բաքուն շարունակում է ցուցաբերել ապակառուցողական դիրքորշում։
«Ադրբեջանն ամեն ինչ անում է խնդիրն ուժային ճանապարհով լուծելու համար։ Սակայն կարող եմ միանշանակ հաստատել, որ Պաշտպանության բանակը ամեն ինչ անում է, որպեսզի հայրենիքը պաշտպանի և հակառակորդի բոլոր ոտնձգությունները չեզոքացնի»,- հավելեց Վ. Պողոսյանը։
Ինչ վերաբերում է Արցախի անկախությունը միջազգայնորեն ճանաչելու վերաբերյալ Արցախի արտգործնախարարության տարածած պաշտոնական հայտարարությանը, Վահրամ Պողոսյանն ասաց. «Արցախի անկախության ճանաչման վերաբերյալ գործընթաց՝ որպես այդպիսին, դեռևս չենք սկսել, եթե սկսենք այդ ժամանակ արդյունքները շատ ավելի հստակ կլինեն»։
Հիշեցնենք, որ առավոտյան Պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ գրեթե բոլոր ուղղություններով հակառակորդը անցել է հարձակողական գործողությունների։