«Ադրբեջանի արձանագրած չամրագրված և մինչև վերջ չհիմնավորված հաջողություններն անհամեմատ փոքր են պատերազմի թափի և Ադրբեջանի ծրագրերի հետ համեմատած». Արծրուն Հովհաննիսյան

Հաշվի առնելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությունները և վերլուծելով վերջին իրադարձությունները, ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը եկել է այն եզրահանգման, որ Ադրբեջանում ռազմավարական կառավարման համակարգը խաթարված է։

«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ իր զինված ուժերում մեծ ազդեցություն ունեն այլ պետության ռազմական ղեկավարությունը, առնվազն մենք մի քանի անգամ մենք պատերազմի ընթացքում տեսել ենք, որ Ալիևը հայտարարում է բաներ, որոնք ընդհանրապես չեն համապատասխանում իրականությանը։ Այդ կապակցությամբ որոշակի մտահոգություն էլ կա։ Եվ շատ մեծ կասկած նաև, որ Ադրբեջանում ռազմավարական կառավարման համակարգը խաթարված է։ Կամ միտումնավոր կամ հանգամանքներն են այդպիսին, որովհետև պատմության մեջ մենք շատ ենք տեսել նման դեպքեր, երբ շատ անհարմար բաները վերադասին չեն զեկուցում։ Այսինքն, անհաջողությունները վերև չեն բարձրանում, այլ միայն անհաջողությունները: Շատ հնարավոր է, որ ինքը հայտնվել է նույնիսկ այդ ծուղակում»,- ասաց ՊՆ ներկայացուցիչը։

Անդրադառնալով մարտական գործողությունների ընթացքին և արդյունքներին, մասնավորապես Ադրբեջանի համար, Արծրուն Հովհաննիսյանը նշեց, որ այդ հսկայական մեքենայի ինտենսիվ հարձակողական թափը հայկական զինված ուժերը կոտրել են:

Ըստ նրա, այն հաջողությունները, որոնք իբր ադրբեջանական կողմն արձանագրել է ժամանակի ընթացքում, և որոնք եղել են վայրկենական, րոպեական, չամրագրված և մինչև վերջ չհիմնավորված բնագծերի վրա, պատերազմի թափի և Ադրբեջանի ծրագրերի հետ համեմատած անհամեմատելի փոքր են:

«Ամեն ուղղությամբ հագեցած բանակային կորպուսներ են կիրառվել, հարավային ուղղությամբ նույնիսկ կիրառվել է Ադրբեջանի բանակի ամենաէլիտար` 4-րդ բանակային կորպուսի տանկային բրիգադը, որը լիովին զինված է T-90 տանկերով: Եթե դու այդքան ուժ ես կիրառում, այդքան ֆիքսված ժամանակում, ապա 3-5 օրվա ընթացքում 30-ից 40 կիլոմետր խորության պիտի հասնես։ Չես հասնում, ուրեմն տապալել ես օպերացիան և մնացած ամեն ինչը թոզ փչոցի է, ուրիշ ոչինչ»։

Ինչ վերաբերում է հարցին՝ որքանով են Ժնևում և Մոսկվայում մեկնարկած բանակցություններն արդյունավետ եղել, Հովհաննիսյանը նշեց, որ այդ բանակցությունների մասին տեղեկացել է մամուլից, և որ նշված բանակցությունների ընթացքում իր աչքի առաջ մարտական գործողությունները շարունակվում էին առանց որևէ տարբերության:

Անդրադառնալով երեկ Վարդենիսում ոչնչացված 7 ԱԹՍ-երին՝ Հովհաննիսյանն ասաց, որ դրանք հետախուզական են եղել, բայց չգիտի՝ արդյոք բոլորը: «ԱԹՍ-ների մեջ կան նաև հետախուզահարվածային ԱԹՍ-ներ, շատ հաճախ տարանջատելը դժվար է»,- նշեց նա:

Տեսանյութեր

Լրահոս