Մոսկվայում Մնացականյան-Լավրով-Բայրամով հանդիպումն ընդմիջվել է, ապա վերսկսվել․ ընթանում է հանդիպման հինգերորդ ժամը

Քիչ առաջ Մոսկվայում՝ ՌԴ ԱԳՆ ընդունելությունների տանը Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանը, Սերգեյ Լավրովն ու Ջեյհուն Բայրամովը դադարեցրել են հանդիպումը և քիչ անց վերսկսել այն։ ՌԴ ԱԳՆ ընդունելությունների տանն աշխատող լրագրողները տեղեկացնում են, որ ընդմիջման ժամանակ շենքից դուրս է եկել ադրբեջանական պատվիրակությունը, նրանց ենթադրմամբ, զանգեր անելու նպատակով և շուտ վերադարձել հանդիպման սրահ, որից հետո հանդիպումը շարունակվել է։ Նշենք, որ արդեն հինգերորդ ժամն է, ինչ Մոսկվայում շարունակվում է Մնացականյան-Լավրով-Բայրամով հանդիպումը։

Ինչպես Ռուսաստանից հաղորդում են հանդիպումը լուսաբանող լրագրողները, նախարարական խորհրդակցությունները սկսվել են առանց ավանդական ներածական խոսքերի, իսկ արարողակարգային նկարահանմանը, որը տևել է 5 րոպե, ներկա են եղել միայն անձնական լուսանկարիչներն ու օպերատորները։ Ռուսական կողմն ակնկալում էր, որ հանդիպմանը կհաջորդի մամլո ասուլիս։

Հիշեցնենք, որ նախօրեին՝ Արցախյան պատերազմի 12-րդ օրը, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Արցախյան հակամարտության կողմերին դիմեց ռազմական գործողությունները դադարեցնելու կոչով։ ՌԴ նախագահի հայտարարության համաձայն, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ մի շարք հեռախոսային բանակցություններից հետո ՌԴ նախագահը դիմում է կոչով դադարեցնել ռազմական գործողությունները, որոնք ընթանում են ԼՂ հակամարտության գոտում, ելնելով հումանիտար և զոհվածների դիերի և գերիների փոխանակման նկատառումներից։ «Այս հարցերի շուրջ խորհրդակցությունների նպատակով ՌԴ ԱԳ նախարարի միջնորդությամբ հոկտեմբերի 9-ին Մոսկվա են հրավիրվում Ադրբեջանի և Հայաստանի ԱԳ նախարարները»,-ասված էր հայտարարությունում։ Զուգահեռաբար այս օրերին ՌԴ նախագահի մամլո խոսնակ Դմիտրի Պեսկովը նշել է, որ ՌԴ նախագահը չի ծրագրչում զանգահարել Թուրքիայի նախագահին, ինչպես նաև Մոսկվայում հանդիպել Մնացականյանին ու Բայրամովին։ Արդեն այսօր ՌԴ ԱԳՆ Պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտնեց, որ նախարարների այցը Մոսկվա նախապատրաստվում է, երկու կողմերն էլ հաստատել են իրենց մասնակցությունը։

Սրան հաջորդեց ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի մոսկովյանի այցի հաստատումը ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանի կողմից։ Վերջինս նշեց, որ Մոսկվայում կայանալու են Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ԱԳ նախարարների խորհրդակցությունները: «Ըստ ՌԴ նախագահի կոչի՝ օրակարգում բացառապես ռազմական գործողությունների դադարեցման, հումանիտար նպատակներով դիակների և գերիների փոխանակման հարցերն են»,-հայտարարեց Աննա Նաղդալյանը։

Հարկ է նշել նաև, որ այսօր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ՌԴ ԱԽ-ի այսօրվա նիստում քննարկել է ԼՂ-ում ստեղծված իրավիճակը, ինչպես նաև ՌԴ շահերի ապահովումը Հեռավոր արևելքում և հարավարևելյան Ասիայում։ Խորհրդակցությանը մասնակցել է Ֆեդերալ խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն, Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը, ԱԽ փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը, ՌԴ նախագահի ադմինիստրացիայի ղեկավար Անտոն Վայնոն, ԱԽ քարտուղար Նիկոլայ Պատրուշևը, ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, ներքին գործերի նախարար Վլադիմիր Կոլոկոլցևը, Արտաքին հետախուզության ղեկավար Սերգեյ Նարիշկինը և նախագահի հատուկ ներկայացուցիչ Սերգեյ Իվանովը։

Տեսանյութեր

Լրահոս