Հայ համայնքը Միլանում բազմամարդ ցույց և դրամահավաք է կազմակերպել հաջակցություն Արցախի

Իտալիայի Միլան քաղաքում հայկական համայնքը բազմամարդ ցույց և դրամահավաք է կազմակերպել՝ Արցախին աջակցելու համար։ Այդ մասին հայտնել է Իտալիայի հայերի միության նախագահ Պայքար Սվազլեանը։

«Հոկտեմբերի 4-ին նամակ ենք գրել Իտալիայի արտաքին գործերի նախարարին՝ բացատրելով մեր հարցը, Արցախի կարևորությունը և Արցախի դե ֆակտո գոյություն ունենալը։ Այն ուղարկեցինք թե՛ Իտալիայի նախագահին, թե՛ վարչապետին և տեսանք, որ ավելի ուշադրությամբ սկսեցին հետևել մեր ինֆորմացիային», – ասել է Սվազլեանը։

Իտալիայի հայերի միության նախագահը հայտնել է, որ հոկտեմբերի 13-ին նպատակ ունեն նաև Հռոմում ցույց կազմակերպել և իրենց բողոքի ձայնը հասցնել մինչև Թուրքիայի և Ադրբեջանի դեսպանատներ։

«Մենք էլ այստեղ խրամատների մեջ ենք, մեզ վրա կրակող չկա, արյուն չենք թափել, բայց բավական լուրջ խրամատներ են, որ պատվով պետք է մինչև վերջ տանենք, որպեսզի մեր թշնամիները հասկանան, որ հայերը Դեր Զորում չեն վերջացել, դեռ կան և Դեր Զոր վերադառնալու ցանկություն ոչ ոք չունի», – ընդգծել է Պայքար Սվազլեանը։

Նա հույս է հայտնել, որ սեպտեմբերի 27-ին Արցախի դեմ Ադրբեջանի դեմ սանձազերծած ագրեսիան վերջին պատերազմը կլինի, որպեսզի հարևան երկրներն էլ հասկանան, որ այդքան էլ հեշտ չէ հայերին դժվար իրավիճակի մեջ դնել։

«Ես չեմ կարող մտածել որպես հայ, որ մենք պարտվելու ենք, մենք իրավունք չունենք պարտվելու, պիտի հաղթենք», – ասել է Իտալիայի հայերի միության նախագահը։

Տեսանյութեր

Լրահոս