Հնարավոր հումանիտար հրադադարի դեպքում պետք է մի քանի անգամ ավելի զգոն լինենք. քաղաքագետ

Քաղաքագետ Թևան Պողոսյանի կարծիքով ԼՂ հակամարտության գոտում հնարավոր հումանիտար հրադադարի դեպքում հայկական կողմը պետք է մի քանի անգամ ավելի բարձրացնի զգոնությունը: «Արմենպրես»-ի հետ զրույցում՝ Պողոսյանն ասաց՝ եթե հնարավոր լինի հասնել հումանիտար հրադադարի, այդ ընթացքում պետք է ճիշտ օգտագործել ժամանակը և հավաքել ուժերը:

«Պետք է մի քանի անգամ բարձրանա մեր զգոնությունը. պետք է գիտակցենք, թե ով է մեր թշնամին: Հումանիտար հրադադարը կարող է լինել 1, 2 կամ 3 օր, բայց դրանից հետո մեր թշնամին անպայման ցանկություն է հայտնելու ինչ-որ վնասներ տալ: Այդ պատճառով ոչ միայն զգոնությունը պետք է չթուլանա, այլև ձեռք բերված ժամանակահատվածը մենք պետք է օգտագործենք շատ ավելի խելացի ձևով՝ մեր ուժերը հավաքելու, վերադասավորումներ անելու և համապատասխան բոլոր գործողությունները կատարելու համար: Ամեն վայրկյան պետք է սպասենք, հենց որ թշնամին որևէ գործողություն իրականացնի, ճիշտ ձևով թիրախավորենք և ջարդենք նրան»,- նշեց քաղաքագետը:

Նա նկատեց, որ Ադրբեջանը մինչ այս ասում էր, թե իրենք չեն հանձնվելու, մինչև վերջ գնալու են և այժմ, եթե համաձայնվեն հումանիտար հրադադարի, ապա վերադասավորումներ են անելու և կրկին դիմեն ռազմական գործողությունների:  Պողոսյանն ընդգծեց, որ այստեղ խոսքը ոչ միայն Ադրբեջանի, այլև թուրք-ադրբեջանական ահաբեկիչների մասին է, և հայկական կողմը պայքարում է նաև նրանց դեմ:

Նրա խոսքով՝ հումանիտար հրադադարներ 1991-1994 թթ. ընթացքում շատ անգամներ են եղել, և դրանցից հետո թշնամին կրկին հարձակվել է:

«Պետք է քաղենք այդ դասերը և նույնը թույլ չտանք հիմա»,- ասաց Թևան Պողոսյանը և հավելեց, որ պետք է դիմակայել ու ճիշտ հակահարված տալով կարողանալ հասնել հաղթանակի:

Տեսանյութեր

Լրահոս