Ինչո՞ւ «Ռեստարտում» բորբոքվեցին զորակոչի մասին անմեղ հարցից

Պատերազմական այս օրերին, երբ բոլոր ռեսուրսներն ուղղվում են Արցախյան ռազմաճակատ, և մեր տղամարդիկ էլ՝ որը՝ կամավոր, որը՝ զորակոչի շրջանակներում՝ որպես պահեստազորային, մեկնում են ճակատ, 168.am-ը ցանկացավ պարզել, թե, օրինակ, «ՌԵՍՏԱՐՏ» ուսանողական քաղաքացիական նախաձեռնություն հասարակական կազմակերպությունից (ՀԿ) քանի՞ հոգի են այս պահին Արցախում մարտնչում թշնամու դեմ:

«Սփյուռ» տեղեկատուի միջոցով գտանք գրասենյակի երկու հեռախոսահամար, որոնցից մեկին պատասխանեց շատ հաճելի ձայնով մի աղջիկ:

Նախ ճշտեցինք՝ արդյո՞ք «Ռեստարտի» գրասենյակ ենք զանգել, պատասխանեցին՝ այո: Ապա ներկայացանք՝ որ լրատվամիջոցից ենք, ապա հարցրեցինք, թե կազմակերպության տղաներից քանի՞սն են զորակոչվել ճակատ: Բայց փաստորեն մեզ այնքան էլ ուշադիր չէին լսել:

– Ո՞ւմ հետ եմ զրուցում:

– Գոհար Սավզյան, «168 Ժամ»-ից:

– Ո՞ր լրատվականից:

– «168 Ժամ»:

– Հա, լսում եմ Ձեզ:

– Ինձ հետաքրքիր է, թե «Ռեստարտի» տղաներից քանի՞սն են զորակոչվել բանակ, այս պահին քանի՞սն են ճակատում:

– Երկուսը ճակատում են՝ Դավիթը և Տիգրանը (Դավիթ Պետրոսյան, Տիգրան Ղազարյան.- Գ.Ս.) :

– Իրենք կամավոր են, չէ՞, մեկնել:

– Երկու Դավիթներն էլ՝ և Դավիթ Սիմոնյանը, և Դավիթ Պետրոսյանը (փաստորեն երեքն էին մեկնել Արցախ-Գ.Ս.), Տիգրան Ղազարյանը մեկնել են, մնացածները կամավորագրվել են, սպասում են զանգի: Իրենց դեռ չեն զանգել:

– Որպես պահեստազորի էլ չեն կանչե՞լ:

– Ոչ, նաև դեռ որպես պահեստազոր էլ չեն զանգել:

– Իսկ մնացած տղաները նախկինում ժամկետային զինծառայություն անցե՞լ են, որովհետև որպես պահեստազորայիններ՝ կանչում են նախկինում զինծառայություն անցածներին:

– Այո, անցել են:

Զրույցն ավարտվեց, շնորհակալություն հայտնեցինք, և այստեղ սկսվեց ամենահետաքրքիրը:

Մեզ հետ զրուցող կազմակերպությունը ներկայացնող աղջիկը որոշեց, որ կարող է մեզ սպառնալ: Ասաց, որ ձայնագրել է մեր խոսակցությունը, և, եթե որևէ տեղեկատվություն եղավ փոփոխած, ինքը մեզ խոստանում է ենթարկել պատասխանատվության:

«Օրենքի ողջ խստությամբ, ես ձեզ պարզապես խոստանում եմ»,- ասաց նա:

Եվ մինչ մենք փորձում էինք ճշտել, թե ո՞ր բարոյական իրավունքով է նա, առանց հրապարակումը կարդալու, փորձում մեզ «հաթաթաներ» տալ, օրիորդն անդադար խնդրում էր ասել, թե ո՞վ է իր հեռախոսահամարը տվել մեզ:

Պատասխանեցինք, որ վերցրել ենք «Սփյուռ» տեղեկատուից: Սա երևի չպիտի ասեինք, որովհետև աղջիկը, չհասկացանք՝ խիստ անհանգստացա՞վ, նեղվե՞ց, զարմացա՞վ, թե՞ երեքը միասին:

– Հարգելիս, Ձեր հեռախոսահամարը «Սփյուռում» դրված է:

– Իմ հեռախոսահամա՞րը…

– Ես չգիտեմ Ձեր անունը, գրված է՝ որպես գրասենյակի հեռախոսահամար:

– Իմ հեռախոսահամա՞րը….

– Ինչ համարով որ զանգել եմ, այդ համարը:

– Ես հիմա մի հատ կստուգեմ, բայց խնդրում եմ տեղեկատվությունը դնել այնպես, ինչպես ես Ձեզ փոխանցել եմ:

Աղջկան ամեն դեպքում տեղեկացրինք, որ առանց հրապարակումը կարդալու՝ նա մեզ սպառնալ չի կարող, ինչին վերջինս պատասխանեց, որ եթե լսել ենք իր խոսքից առաջ հնչած «եթե»-ն, ուրեմն վախենալու բան չունենք:

Ստիպված եղանք կրկին հիշեցնել, որ որևէ մեկից, այդ թվում՝ իրենց կազմակերպությունից, մենք վախենալու ոչինչ չունենք:

Աղջիկը շնորհակալություն հայտնեց, բայց վերջում ամեն դեպքում ասաց, որ դեռ կպարզի, թե իր հեռախոսահամարը մեզ որտեղից:

Զրույցի բովանդակությունը, բնականաբար, ներկայացրել ենք ամբողջությամբ և անփոփոխ, միայն թե տարօրինակ է, որ ազատական գաղափարների դավանող ու տարածող կազմակերպությունն այդքան վախեցած է ազատ խոսքից այնպես, որ իր աշխատակցին հանձնարարական է տալիս «էս գլխից» սպառնալիքներ տեղալ ու սաստել իրենցով հետաքրքրվողներին:

Տեսանյութեր

Լրահոս