«Քանի որ այն շշալցված ջուր չէ, ապա հետազոտությամբ զբաղվում են առողջապահական մարմինները»․ ՍԱՏՄ–ն՝ Կաթնառատ գյուղի աղիքային թունավորման մասին
Տաշիրի տարածաշրջանի Կաթնառատ գյուղում հոկտեմբերի 9-ի` ժամը 11-ի դրությամբ, շարունակվում են հայտնաբերվել աղիքային հիվանդության նոր դեպքեր, տեղեկացնում է Առողջապահության նախարարությունը:
Իրականացված համաճարակաբանական հետազոտության և բակային համայցի ընթացքում հայտնաբերվել է ևս 28 նոր դեպք:
Ընդհանուր դեպքերի թիվը 73 է, որից 64-ը հոսպիտալացված են, մնացած 9-ը գտնվում են ամբուլատոր հսկողության տակ:
Ներկայումս գյուղում ջրամատակարարումը դադարեցված է, բնակչության համար ջուրը բերվում է ցիստեռններով` մինչև ջրամատակարարման համակարգի ամբողջական մաքրման և ախտահանման աշխատանքների ավարտը: Մանրէաբանական հետազոտության նպատակով վերցված ջրի 12 նմուշից 7-ում հայտնաբերվել է շեղում, պացիենտներից վերցված 64 նմուշից 10-ում հայտնաբերվել է դիզենտերիայի հարուցիչ:
ՍԱՏՄ-ից հետաքրքրվեցինք` վերջին անգամ ե՞րբ է նմուշառում արվել, նման դեպք էլի եղե՞լ է, թե՞ ոչ, ՍԱՏՄ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Անուշ Հարությունյանը պատասխանեց.
«Քանի որ այն շշալցված ջուր չէ, ապա հետազոտությամբ զբաղվում են առողջապահական մարմինները: Թունավորման դեպքի մասին երբ իմացել ենք, ՍԱՏՄ Լոռու մարզային կենտրոնի ներկայացուցիչը դիտարկել է, մասնակցել ենք այդ ամբողջ գործընթացին, որպեսզի տեսնենք՝ արդյո՞ք սնունդ է, արդյո՞ք շշալցված ջուր է: Եթե այդպես չէ, ապա այն մեր գործառույթներից դուրս է»: