Այդպիսի որոշումներն ուժգին հարված են այն ընդունող կառավարություններին և պետությանը. Լարիսա Ալավերդյանը՝ ռազմական դրություն հայտարարելու որոշման մեջ կատարված փոփոխության մասին
Հոկտեմբերի 8-ին Կառավարության որոշմամբ պետական և տեղական ինքնակառավարման մարմինների և պաշտոնատար անձանց` ռազմական դրության իրավական ռեժիմի ապահովմանը և պետական անվտանգության ապահովմանն առնչվող գործողությունները (այդ թվում` ելույթները, հրապարակումները) քննադատող, հերքող, դրանց արդյունավետությունը կասկածի տակ դնող կամ որևէ այլ կերպ արժեզրկող հաղորդումների հրապարակումն արգելվում է:
Միևնույն ժամանակ, արգելվում է նաև Հայաստանի և Արցախի պաշտպանունակության ու անվտանգության դեմ ուղղված քարոզչությունը, այդ թվում` Հայաստանի և Արցախի պաշտպանունակությունը կասկածի տակ դնող հաղորդումների հրապարակումը:
ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան Լարիսա Ալավերդյանի կարծիքով՝ այսպիսի որոշումն ունի մի քանի թերացում, իրավական որոշակիություն պետք է մտցվի:
«Ելույթների և կարծիքների արտահայտումն արգելելը մարդու իրավունքների և ազատության ամենախիստ սահմանափակումն է: Սա պետք է հիմնավորված լինի, և այդ մասին հայտնեն միջազգային ատյաններին, հատկապես՝ ՄԱԿ մարդու իրավունքների հանձնաժողովին: Որոշումը հզոր հարված է և վնասելու է իշխանությանը: Արգելքն իջեցնում է իմիջը: Այդպիսի որոշումներն ուժգին հարված են այն ընդունող կառավարություններին և պետությանը»,- ասուլիսի ժամանակ ասաց Լարիսա Ալավերդյանը:
ՄԻՊ նախկին պաշտպանը խոսելով սահմանին ինչ-որ դավաճանների գտնվելու մասին հայտարարության մասին՝ նկատեց. «Դրա համար նմաններին պետք է դատեն: Առանց որևէ հիմքի նման բան ասելը ռազմական դրության ժամանակ՝ հանցագործություն է»:
Դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանն էլ իշխանությանը կոչ արեց լսել այն հորդորները, առաջարկներն ու խորհուրդները, որոնք ներկայացվում են հասարակության կողմից:
«Իհարկե, ռազմական դրության ժամանակ կարող են նման սահմանափակումներ լինել, բայց այդ պարագայում իշխանությունը համերաշխության եզրեր է գտնում, որպեսզի նման մթնոլորտ չձևավորվի: Եթե իշխանությունը սահմանափակում է անում, ապա ինչ-որ մի բանից վախ ունի: Եթե կարծում եք, որ ամեն ինչ ճիշտ է արվում, ապա որևէ մեկի կողմից կեղծ ինֆորմացիան միանգամից կանխվում է օրենքով։ Տեսնում ենք, որ որևէ մեկի հետ չեն ուզում համագործակցել, քննարկման չեն գնում»,- նշեց Արամ Սարգսյանը: