«Այս պահին բանակցությունների մասին խոսելն անիմաստ է, նախ պետք է դադարի պատերազմը». Ռուբեն Ռուբինյան

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանի խոսքով՝ Մոսկվայում նախատեսված Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման օրակարգն ընդգրկում է երեք բաղադրիչ՝ ռազմական գործողությունների դադարեցում, հումանիտար նպատակներով դիակների և գերիների փոխանակում։

«Թե որքան ժամանակով կարող է լինել ռազմական գործողությունների դադարեցումը, որևէ դետալ քննարկված չէ։ Այսինքն՝ դուք գիտեք այն ամենը, ինչ կա։ Սովորաբար չկա այդպիսի ֆիքսված բան, այսինքն՝ ինչ ասես՝ կարող է լինել, չի բացառվում, որ որևէ բան տեղի չունենա, ռազմական գործողությունները շարունակվեն և չլինի հումանիտար հրադադար, օրինակ»,- խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Ռուբեն Ռուբինյանը։

Ըստ նրա՝ հնարավոր է, որ հումանիտար հրադադարին հաջորդի հրադադարը: Պատգամավորը հնարավոր է համարում նաև, որ ընդհանրապես հումանիտար կարճ հրադադար չլինի։ Նա հորդորեց սպասել հանդիպման արդյունքներին։

Հարցին՝ «Ալ Ջազիրա»-ին  տված հարցազրույցում Ադրբեջանի նախագահն ասել էր, որ նախկին իշխանությունների օրոք բավականին հաջողություններ էին գրանցվել, ի՞նչ է դա նշանակում, Ռուբեն Ռուբինյանն ասաց, որ, եթե այդ ամենը մեկնաբանի՝  կմտնի ներքաղաքական պոլեմիկայի մեջ, ինչն այս պահին տեղին չէ։

«Կարծում եմ՝ ադրբեջանաթուրքական հարձակումից հետո աշխարհն ի վերջո պետք է սկսի մտածել Արցախի անկախությունը ճանաչելու մասին, քանի որ փորձը ցույց է տալիս, որ դա միակ ճանապարհն է՝ կայուն կերպով երաշխավորելու Արցախի ժողովրդի անվտանգությունը։ Մեծ դիվանագիտական աշխատանք կա անելու և՛ հիմա, և՛ ապագայում։ Կարծում եմ՝ մենք հիմա մի փուլում ենք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ պետություններն աշխատանք են տանում տարածաշրջանում կայունություն ապահովելու համար և, բնականաբար, բոլոր հարցերը, այդ թվում՝ Թուրքիայի ներգրավման և ահաբեկիչների առկայության փաստը, պետք է քննարկման առարկա դառնան և արժանանան համապատասխան վերաբերմունքի։ Կարծում եմ՝ այս պահին բանակցությունների մասին խոսելն անիմաստ է, նախ պետք է դադարի պատերազմը, և եթե հետո լինի համապատսխան մթնոլորտ, գուցե կարելի է  մտածել բանակցությունների մասին»,- հավելեց նա։

Տեսանյութեր

Լրահոս