Հրաչ Բաբայանը Տոկիոյի ՕԽ-ի ուղեգիր նվաճելու մեծ հնարավորություն կունենա 2021 թվականի մեկնարկին
Հայաստանի հրաձգության հավաքականի անդամ Հրաչ Բաբայանը Տոկիոյի Օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճելու մեծ հնարավորություն կունենա 2021 թվականի մեկնարկին:
«Բավականին դժվար է, երկար դադարից հետո նորից մրցաշարի մասնակցելը: Սակայն վստահ եմ, որ հաջորդիվ ավելի լավ արդյունք կգրանցեմ: Նպատակ ունենք հունվարին կամ փետրվարին կայանալիք Եվրոպայի առաջնությանը օլիմպիական ուղեգիր նվաճել: Եթե անկեղծ, ապա Տոկիոյի Օլիմպիական խաղերի այս մեկ տարվա հետաձգումն ինձ ձեռնտու էր, քանի որ հիմա ավելի մեծ շանսեր ունեմ քվոտա ձեռք բերելու»,-«Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց Բաբայանը:
Մարտի 24-ին հայտնի դարձավ, որ Տոկիոյի 32-րդ ամառային Օլիմպիական խաղերը հետաձգվել են: ՄՕԿի նախագահ Թոմաս Բախը և Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն հեռախոսազրույց էին ունեցել, և վարչապետի առաջարկից հետո Բախն իր համաձայնությունն էր տվել խաղերը մեկ տարով հետաձգելուն: Այս պահի դրությամբ հայտնի է, որ Օլիմպիական խաղերը կպահպանեն իրենց անվանումը` Տոկիո-2020: Դրանք կմեկնարկեն 2021 թվականի հուլիսի 23-ին և կեզրափակվեն օգոստոսի 8-ին: