«Բոլոր այն տականքները, ովքեր այդ տեղեկությունը տարածել են՝ հասարակությանը պատասխան տալու խնդիր են ունենալու». Ռուստամ Բադասյանը՝ սորոսական լինելու խոսակցությունների մասին
Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ այն լուրերին, որ ԱԱԾ պետ Արգիշտի Քյարամյանին պաշտոնից հեռացնելուց հետո՝ հերթը Արդարադատության նախարարինն է։
«Այդ արտահայտության հետ կապված, կարծում եմ՝ այն ուժերը, որոնք ստեղծեցին այդ միֆը, իհարկե չեմ ուզում, որ իմ ասածը որևէ հասարակական կազմակերպություն իր հասցեին քննադատություն ընդունի։ Եթե ես հիմա ասեմ՝ սորոսականն ով է, խնդրում եմ այդ չընկալել, որ ես այդ ՀԿ-ին եմ վիրավորում կամ դրա աշխատակիցներին։ Բոլոր այն տականքները, ովքեր այդ տեղեկությունը տարածել են, որոնք մինչ օրս մեկ փաստ չեն հրապարակել, որ ես որևէ հասարակական կազմակերպության հետ կապ եմ ունեցել կամ որևէ դեպքում դրամաշնորհ եմ ստացել, կամ դրամաշնորհ ստացածի հետ եմ որևէ կապ ունեցել, այսինքն՝ մեկ փաստ այս ընթացքում չկարողացան հրապարակել։ Ստեղծեցին այն միֆը, որը օտարերկրյա լրատվամիջոցները վերցրեցին ու սկսեցին շարունակել, այդ մարդիկ հասարակությանը շատ լուրջ պատասխան տալու խնդիր են ունենալու, որովհետև իրենց ստեղծած միֆն օգտագործեցին, այդ թվում՝ թշնամական ուժեր, այդ թվում՝ Ադրբեջանի նախագահը»,- նշեց նա։
Հարցին՝ ռուսական կողմից իր պաշտոնանկության համար պահանջ չկա՞, Ռուստամ Բադասյանը պաատսխանեց, որ Ռուսաստանը Հայաստանի ռազմավարական գործընկերն է, և ՌԴ-ի հետ բացառապես ռազմավարական և դաշնակցային հարաբերություններ են։
«Խնդրում եմ այդ սադրանքներին չտրվել, իմ պաշտոնանկության մասին լուրերն էլ հերյուրանք են։ Կրկին կարծում եմ, որ դա խայծ է, գցվել է այն ուժերի կողմից, ովքեր ուզում են համապատասխան մթնոլորտ ստանալ, ասում եմ՝ անպատասխանատու մարդկանց հետ գործ ունենք»,- շեշտեց նախարարը։
Հարցին՝ նախարարի սենյակում «ժուչոկ» դրել են, քանի որ նման խոսակցություններ են շրջանառվում, Ռ. Բադասյանը պատասխանեց. «Դե լավ էլի, ժողովուրդ։ Ժողովուրդ ջան, բացառված է, նման բաներ չկան»։