
Մինաս Լուռյանը կղեկավարի հեղինակավոր բյուզանդագիտական միջազգային գիտաժողովի երաժշտական մասը

Վենետիկի Հայ մշակույթի ուսումնասիրության և վավերագրման կենտրոնի տնօրեն Մինաս Լուռյանը նշանակվել է Բյուզանդագիտական ուսմանց միջազգային գիտաժողովի (24-th International Congress of Byzantine Studies Venice and Padua) երաժշտական հանդիսավոր նախաձեռնության բաժնի վարիչ-համադրող: Գիտաժողովը, որը կազմակերպվում է 5 տարին մեկ անգամ, կայանալու է 2022 թվականի օգոստոսի 22-27-ը Վենետիկում:
Մինաս Լուռյանը «Արմենպրես»-ին տեղեկացրեց, որ գիտաժողովը պետք է տեղի ունենար 2021 թվականին Ստամբուլում, սակայն հետաձգվել է Թուրքիայի՝ Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթ դարձնելու պետական որոշումից հետո: Հարյուր տարվա մեջ առաջին անգամ հեղինակավոր միջոցառումը կանցկացվի Վենետիկում:
Անդրադառնալով Վենետիկի Հայ մշակույթի ուսումնասիրության և վավերագրման կենտրոնի գործունեությանը՝ Լուռյանը նշեց, որ կենտրոնը հայ ճարտարապետությունն ուսումնասիրելուն զուգահեռ ունի նաև երաժշտական մասնաճյուղ: «Այն, համագործակցելով Իտալիայի հեղինակավոր երաժշտական հաստատությունների հետ, համադրել է վերջին քառասուն տարվա կարևոր երաժշտական ստեղծագործությունների արտադրությունը»,- շեշտեց Մինաս Լուռյանը: