Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները չմերժեցին Պուտինի հրավերը․ Զոհրաբ Մնացականյանը կմեկնի Մոսկվա

«Նախապատրաստվում է ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի այցը Մոսկվա։ Այսօր ՌԴ ԱԳ նախարարությունը տեղեկատվություն տարածեց, որ նախապատրաստում է երկու նախարարների այցը Մոսկվա»,- այս մասին 168․am-ի հետ զրույցում ասաց ՌԴ-ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանը։

Նրա խոսքով՝ քանի որ այցը նախապատրաստման փուլում է այս պահին, այլ մանրամասներ չի կարող հաղորդել դրա օրակարգի և բովանդակության վերաբերյալ։

Մենք փորձեցինք զրուցել նաև ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանի հետ, ով այս պահին ո՛չ հաստատեց, ո՛չ հերքեց այս տեղեկությունները, նշելով,որ կպատասխանի ավելի ուշ։

Հիշեցնենք, որ ժամեր առաջ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Արցախյան հակամարտության կողմերին ռազմական գործողությունները դադարեցնելու կոչով հանդես եկավ, հրավիրել Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներին Մոկսվա խորհրդակցությունների նպատակով։  ՌԴ նախագահի հայտարարության համաձայն, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ մի շարք հեռախոսային բանակցություններից հետո ՌԴ նախագահը դիմում է կոչով դադարեցնել ռազմական գործողությունները, որոնք ընթանում են ԼՂ հակամարտության գոտում, ելնելով հումանիտար և զոհվածների դիերի և գերիների փոխանակման նկատառումներից։

«Այս հարցերի շուրջ խորհրդակցությունների նպատակով ՌԴ ԱԳ նախարարի միջնորդությամբ հոկտեմբերի 9-ին Մոսկվա են հրավիրվում Ադրբեջանի և Հայաստանի Ագ նախարարները»,-ասված է հայտարարության տեքստում։ Այսօր ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան տեղեկացրել է ռուսական ԶԼՄ-ների հետ զրույցում, որ Բաքուն և Երևանը հաստատել են իրենց մասնակցությունը Մոսկվայում կայանալիք խորհրդակցություններին: «Ակտիվ նախապատրաստական ​​աշխատանքներ են տարվում»,-ասել էր նա։

 

Տեսանյութեր

Լրահոս