![](/banners/BeFunky-design.jpg)
Ֆրանսիայի հայ համայնքը բազմամարդ բողոքի ակցիա է անցկացրել Փարիզում Թուրքիայի դեսպանատան մոտ
![](https://168.am/wp-content/uploads/2020/10/1030935.jpg)
Ֆրանսիայի հայ համայնքը բազմամարդ բողոքի ցույց է անցկացրել Փարիզում Թուրքիայի դեսպանատան մոտ` դատապարտելով Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծած լայնածավալ պատերազմում Ադրբեջանին ցուցաբերվող աջակցությունը: «Արմենպրես»-ի հետ զրույցում Փարիզում բնակվող հայ լրագրող Էլլադա Ղուկասյանը նշեց, որ սա Փարիզում թվով երկրորդ բողոքի ցույցն էր, իսկ առաջինը կազմակերպվել էր Ադրբեջանի դեսպանատան մոտ:
«Ցույցի ընթացքում մասնակիցները պարզել են տարբեր գրություններով պաստառներ և հնչեցրել վանկարկումներ՝ նշելով, որ Թուրքիան և Ադրբեջանը ահաբեկիչներ են ու պետք է կանխել Արցախի ու Հայաստանի դեմ նրանց գործողությունները: Մասնակիցները Ֆրանսիայի կառավարությունից պահանջում էին ուշադրություն դարձնել հակամարտության խնդրի վրա, աջակցել ճշմարտությանը և խաղաղություն հաստատել տարածաշրջանում»,- ասաց Ղուկասյանը:
Էլլադա Ղուկասյանը հավելեց, որ ակցիային մասնակցել է մոտ 2 հազար մարդ, որոնց թվում եղել են նաև ֆրանսիացիներ, որոնք Արցախյան խնդրի մասին տեղեկացել են իրենց հայ ընկերներից:
«Կան այստեղ ապրող մարդիկ, որոնք չգիտեն այս խնդրի մասին և փորձում ենք այս ցույցերով նրանց տեղեկացնել հակամարտության մասին: Այս ցույցերին միանում են նաև այլ համայնքների ներկայացուցիչներ՝ հույներ, քրդեր, եզդիներ և այլն »,- նշեց լրագրողը:
Ֆրանսիայի հայ համայնքի կողմից Փարիզում հաջորդ բողոքի ցույցը նախատեսվում է անցկացնել խորհրդարանի շենքի դիմաց` պահանջելով ճանաչել Արցախի անկախությունը: