Վճռաբեկ դատարանը վարույթ է ընդունել Ռոբերտ Քոչարյանի և պաշտպանների, և Գլխավոր դատախազության բողոքները
Րոպեներ առաջ ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմի մամուլի պատասխանատու Էլինա Սահակովան իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել էր, որ Վճռաբեկ դատարանը վարույթ է ընդունել Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների բողոքը:
«Վճռաբեկ դատարանը հոկտեմբերի 5-ին վարույթ է ընդունել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների բողոքը։
Դատարանը նաև վարույթ է ընդունել դատախազների և տուժող կողմի բողոքները, ինչի հետ կապված փաստաբանական թիմն առաջիկայում հանդես կգա հայտարարությամբ»,-նշել էր նա:
Հիշեցնենք, որ հունիսի 18-ին 2 միլիարդ դրամ գրավի դիմաց կալանքից ազատ արձակված Ռոբերտ Քոչարյանի փաստաբանները բողոք էին ներկայացրել Վճռաբեկ դատարան, որով վիճարկում են Վերաքննիչ դատարանի դատավոր Արսեն Նիկողոսյանի՝ 2 միլիարդ դրամ գրավով Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելու որոշումը:
Ռ. Քոչարյանի պաշտպանները նշել էին, որ իրենք կտրականապես համաձայն չեն դատարանի այն հետևություններին, որոնց համաձայն՝ Քոչարյանի նկատմամբ անհրաժեշտ է խափանման միջոց կիրառել: Պաշտպանական թիմը կարծում է, որ նրա նկատմամբ առհասարակ որևէ խափանման միջոց կիրառելու հիմք չկա:
Իր հերթին վճռաբեկ բողոք էր ներկայացրել նաև մեղադրող կողմը:
Գլխավոր դատախազությունը վճռաբեկ բողոք էր ներկայացրել՝ պահանջելով բեկանել Մարտի 1-ի գործով ամբաստանյալ Ռոբերտ Քոչարյանին 2 միլիարդ դրամ գրավով ազատ արձակելու որոշումը։
Նկատենք, որ Վճռաբեկ դատարանը որևէ բողոք վարույթ ընդունելու համար ունի եռամսյա ժամկետ, և ահա այդ ժամկետի ավարտին էլ վարությ ընդունվեցին կողմերի բողոքները: