«Մեր ներկայացրած ապացույցների հիման վրա ՄԻԵԴ-ը փաստել է Թուրքիայի ներգրավվածության հանգամանքը». Եղիշե Կիրակոսյան
«Եվրոպական դատարանը սեպտեմբերի 29-ին Հայաստանի Հանրապետության ներկայացրած դիմումի հիման վրա միջանկյալ միջոց էր կիրառել, որում Ադրբեջանին և ՀՀ-ին կոչ էր արվել իրենց գործողություններում պահպանել կոնվենցիայով նախատեսված պահանջները և չթիրախավորել քաղաքացիական բնակչությանն ու օբյեկտներին, ենթակառուցվածքներին»,- այսօր միասնական տեղեկատվական կենտրոնում ասուլիսի ժամանակ ասաց Մարդու իրավունքների եվրոպական դատարանում (ՄԻԵԴ) ՀՀ կառավարության ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը:
Նրա խոսքով՝ դրանից հետո իրենք ամենօրյա ռեժիմով դատարան են ներկայացրել ապացույցներ Ադրբեջանի կողմից թույլ տրված թե կոնվենցիոն, և թե մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումների մասին:
«Այն, ինչ մենք տեսնում ենք, օրինակ՝ Ստեփանակերտի վրա անդադար ու անընտրանքային ուղղակի ռմբակոծություններ, որևէ աղերս չունեն այն կիրառելի իրավական չափանիշերի հետ, որոնք ակնհայտորեն ի ցույց տրվում են մյուս կողմից Դատարանին»,- ասաց Եղիշե Կիրակոսյանը:
Նշեց նաև, որ, բնականաբար, այսքանով չբավարարվելով, նաև Թուրքիայի մասնակցության վերաբերյալ միջազգային մամուլում առկա, ինչպես նաև տարբեր պետությունների ղեկավարների և արտաքին գործերի նախարարությունների կողմից արված հստակ հայտարարությունները, մասնավորապես, վերջինը՝ երեկ ՌԴ արտաքին հետախուզության ղեկավարի կողմից արված հայտարարությունը Թուրքիայի կողմից Սիրիայի և Լիբիայի տարածքից վարձկաններ, ահաբեկչական խմբավորումների անդամներ Ղարաբաղ տեղափոխելու վերաբերյալ, ՀՀ կառավարությունը խնդրանք ներկայացրեց Դատարանին, որպեսզի միջանկյալ միջոց կիրառվի նաև Թուրքիայի նկատմամբ՝ հաշվի առնելով այս բոլոր ապացույցները:
«Իրականում մեր դիմումի ներկայացումից անմիջապես հետո ի հայտ եկավ ռուսական արտաքին հետախուզության կողմից տարածված հաղորդագրությունը, որը, բնականաբար, դատարանին ներկայացվեց անմիջապես: Դրանից հետո մենք ստացանք ՄԻԵԴ որոշումը, որով արդեն հստակ հղում էր կատարվում ամսի 29-ի որոշման վրա: Միևնույն ժամանակ, հաշվի առնելով կոնֆլիկտի էսկալացիան, բոլոր պետություններին ընդհանրապես, այդ թվում՝ հստակ շեշտելով Թուրքիային, կոչ է անում զերծ մնալ գործողություններից, որոնք ուղղակի կամ անուղղակի ներգրավված են այս գործողությունների մեջ»,- նշեց ՄԻԵԴ-ում ՀՀ կառավարության ներկայացուցիչը:
Ըստ Եղիշե Կիրակոսյանի, կարևոր է, որ այս որոշումը կայացվել է ՀՀ կողմից ներկայացված դիմումի և ապացույցների հիման վրա, չի ուղարկվել մեկնաբանության Թուրքիայի կառավարությանը, և այս կոնտեքստը հաշվի առնելով՝ պարզ է, որ այստեղ խոսքը գնում է կոնկրետ Թուրքիայի ներգրավվածության մասին, որովհետև այն ապացույցները, որոնք ներկայացրել էր ՀՀ կառավարությունը, վերաբերում էր զուտ Թուրքիայի կողմից վարձկան գրոհայինների ներգրավվածության պնդումներին և փաստերին: Այսինքն՝ մեր ներկայացրած ապացույցների հիման վրա ՄԻԵԴ-ը փաստել է Թուրքիայի ներգրավվածության հանգամանքը:
Ինչ վերաբերում է Ադրբեջանի նկատմամբ միջանկյալ միջոց կիրառելու՝ ՄԻԵԴ-ի որոշմանը, Եղիշե Կիրակոսյանը նշեց, որ մինչ օրս Ադրբեջանը Դատարանին չի ներկայացրել որևէ բան կատարված քայլերի մասին:
«Այդ իսկ պատճառով, հիմնվելով նաև դատարանի կանոնների վրա, խնդրել ենք նրան ակտիվ քայլեր ձեռնարկել, և հաջորդ քայլը հարցը Նախարարների կոմիտե տեղափոխելն է, որտեղ արդեն նույնպես սա կարող է դրվել ակտիվ քննարկման: Նույնը վերաբերում է նաև Թուրքիայի դեմ որոշմանը»,- ասաց Եղիշե Կիրակոսյանը:
Մանրամասները՝ տեսանյութում