Մեծ Բրիտանիան և Կանադան կոչ են անում հրադադար հաստատել Ղարաբաղում
Մեծ Բրիտանիայի ԱԳՆ ղեկավար Դոմինիկ Ռաաբը և Կանադայի արտաքին գործերի նախարար Ֆրանսուա-Ֆիլիպ Շամպայնը հանդես են եկել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների աշխատանքին աջակցությամբ և նշել Լեռնային Ղարաբաղում անհապաղ հրադադարի ռեժիմի կարևորությունը:
«Մենք վճռականորեն աջակցում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից արված հայտարարություններին», – ասված է երկու երկրների նախարարների համատեղ հայտարարության մեջ:
«Մենք կոչ ենք անում երկու պետությունների բոլոր ընկերներին և երրորդ կողմերին ակտիվացնել իրենց ջանքերը ռազմական գործողությունների դադարեցմանն աջակցելու համար», – ասվում է հայտարարության մեջ:
Ռաաբն ու Շամպայնը նշել են, որ Հայաստանն ու Ադրբեջանը «պետք է դադարեցնեն բռնությունները և պահպանեն հրադադարի մասին համաձայնագիրը»:
«Բոլոր կողմերը պետք է շտապ վերադառնան բանակցություններին», – ավելացրել են նրանք: