Ինչո՞ւ Կանադան հրաժարվեց Ադրբեջանին և Թուրքիային զենք վաճառել, և ի՞նչ խնդիր են լուծում Հայ դատի գրասենյակները
Սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի կողմից Արցախի սահմանների ողջ երկայնքով սկսված ռազմական գործողություններին զուգընթաց՝ ՀՅԴ Հայ դատի համաշխարհային ցանցը ձեռնամուխ է եղել ադրբեջանական ագրեսիայի մասին աշխարհով մեկ ներկայացնելու գործին, իսկ այդ աշխատանքի շնորհիվ է, որ որոշ պետություններից ստացվել են իրավիճակին համահունչ և ոչ թե՝ հայամետ, այլ՝ օբյեկտիվ արձագանքներ։ 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում ասաց ՀՅԴ Հայ դատի կենտրոնական գրասենյակի ծրագրերի համակարգող Գևորգ Ղուկասյանը:
«Կանադայի հասարակական և քաղաքական շրջանակներում կարողացանք քննարկման առարկա դարձնել այն, որ Արցախի դեմ Ադրբեջանի կողմից օգտագործվող թուրքական դրոնների, սենսորային և կրակի կառավարման համակարգերն ունեն կանադական արտադրություն և ուղղվում են Արցախում ապրող քաղաքացիական բնակչության դեմ։ Կանադայում դա առաջացրեց մեծ դժգոհության ալիք, ինչի հետևանքով Կանադայի արտգործնախարարը հայտարարեց, որ կասեցվում է ցանկացած ռազմական արտադրանքի վաճառքը Թուրքիային՝ շեշտելով այն իրավական ակտը, որի հիման վրա էլ կայացրել էր այդ որոշումը։ Ըստ այդ իրավական ակտի՝ կանադական ռազմական արտադրանքը չի կարող ուղղվել քաղաքացիական բնակչության դեմ, իսկ սա նշանակում է, որ Կանադան ընդունեց, որ Արցախում ադրբեջանական կրակոցներից սպանվել են քաղաքացիական անձինք։ ԱՄՆ-ում ևս Հայ դատն արձանագրել է մեծ արդյունք։ Կոնգրեսի երկու պալատների 50 պատգամավոր կոչ են արել Սպիտակ տան վարչակազմին դադարեցնել Ադրբեջանին և Թուրքիային զենքի վաճառքը, և Կոնգրեսի որևէ անդամ չի պաշտպանել ադրբեջանական ագրեսիան»,- ասաց Ղուկասյանը։
Մեր զրուցակիցը նաև նշեց, որ այս օրերին Հայ դատի գրասենյակները մեծածավալ աշխատանք են տանում նաև Արցախի ճանաչման հարցի առնչությամբ, քանի որ ապրում ենք աշխարհաքաղաքական և տարածաշրջանային այնպիսի բարդ ժամանակաշրջանում, երբ Արցախի ճանաչումը դառնում է անհրաժեշտություն, և ժամանակը ցույց է տվել, որ անկախության չճանաչումը պատերազմի կանխման երաշխիք չէ։
«Կարծում եմ, որ ժամաակն է, որ Հայաստանը ճանաչի Արցախի անկախությունը, որը մեզ համար անվտանգային նշանակություն ունի»,- ասաց նա։
Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում