ՀՀ ԱԱԾ-ն սոցիալական ցանցերի և հեռախոսակապի օգտատերերին զգոնության կոչ է անում
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը հայտարարությամբ հորդորում է չտրվել հակառակորդի սադրանքներին, չպատասխանել սոցիոլոգիական հարցումների նպատակ ունեցող կեղծ հեռախոսազանգերի, հիմք չընդունել վերոնշյալ տարբերակով ստացված և սոցիական ցանցերում տարածվող կեղծ տեղեկություններն ու զերծ մնալ վերջիններիս տարածումից, ցուցաբերել զգոնություն և հետևել միայն պաշտոնական տեղեկատվական աղբյուրներին: ՀՀ ԱԱԾ հայտարարության մեջ նշված է.
«Հարգելի՛ հայրենակիցներ,
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը տեղեկացնում է, որ հակառակորդի կողմից այս օրերին կոտրվում են www.facebook.com սոցիալական ցանցում հայկական որոշ օգտատերերի անձնական հաշիվներն ու էջերը և դրանց միջոցով իրականացվում են հայ հանրության շրջանում միմյանց նկատմամբ հակասություններ ձևավորելու, հասարակությունը պառակտելու, գաղափարական տարաձայնություններ սերմանելու, ինչպես նաև խուճապ առաջացնելու գործողություններ՝ այդ էջերով տարատեսակ հաղորդագրություններ տարածելու եղանակով:
Մասնավորապես, հիշյալ սոցիալական ցանցի «Armenian Style», «Երևան-Հայաստան», «Armenian Realty» և այլ կոտրված էջերում հրապարակվում են ռազմական գործողությունների վերաբերյալ ակնհայտ կեղծ տեղեկություններ, հանրության շրջանում բացասական հույզեր ձևավորող նյութեր և լուսանկարներ, ինչպես նաև կեղծ հայտարարություն՝ հոկտեմբերի 8-ին նախատեսվող ինչ-որ հավաքի վերաբերյալ:
Բացի այդ, նկատվում են նաև հատուկ ծրագրային մեթոդներով գեներացված և հայկական հեռախոսահամարների նմանությամբ համարներից զանգերի միջոցով սոցիոլոգիական հարցումներ իրականացնելու և այդ տարբերակով հայկական կողմի փաստացի իրավիճակին հնարավորինս տիրապետելու դեպքեր, ինչպես նաև նույն ճանապարհով առաքվում են խուճապ առաջացնող հաղորդագրություններ:
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը հորդորում է չտրվել հակառակորդի սադրանքներին, չպատասխանել սոցիոլոգիական հարցումների նպատակ ունեցող կեղծ հեռախոսազանգերի, հիմք չընդունել վերոնշյալ տարբերակով ստացված կեղծ տեղեկություններն ու զերծ մնալ վերջիններիս տարածումից, ցուցաբերել զգոնություն և հետևել միայն պաշտոնական տեղեկատվական աղբյուրներին»: