«Շրջել եմ բոլոր համայնքներում, մարտական են տրամադրված, չեն պատրաստվում դուրս գալ իրենց տներից». Թագուհի Թովմասյանը՝ Վարդենիսում տիրող իրավիճակի մասին

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը 168.amի հետ զրույցում ասաց, որ նախօրեին է վերադարձել Վարդենիսից և վստահ կարող է ասել, որ այնտեղ որևէ անհանգստացնող բան չկա։

«Ճիշտ է, Վարդենիսում մի քիչ անփութության դրսևորում է եղել, քանի որ ինչ-որ մարդիկ որոշել էին, որ փորձնական տագնապ պետք է հայտարարեն, բայց ես չհասկացա, թե ինչ հիմքով էին որոշել, ում հրահանգով և այլն, որովհետև երեկ Արտակարգ իրավիճակների նախարարն անձամբ պաշտոնական հայտարարությամբ հերքեց, որ տագնապ հայտարարելու որևէ անհրաժեշտություն չկա։ Սրա հետևանքով մարդիկ իրենց տնից դուրս էին եկել, ապաստարաններ գնացել, բարեբախտաբար, այս պահին այդ վիճակներն անցել է։ Արդեն երրորդ օրն է՝ այդ ուղղությամբ, կարելի է  ասել, հարաբերականորեն խաղաղ է, թերևս, սրան մի քիչ էլ օգնել է մառախլապատ եղանակը, քանի որ այդ ժամանակ այդ չարաբաստիկ ԱԹՍ-ները չեն աշխատում, այսինքն՝ այս առումով տեխնիկական խնդիրներ ունի թշնամին»,- նշեց պատգամավորը։

Նա ընդգծեց, որ Վարդենիսի ուղղության հետ կապված պետք չէ խուճապի մատնվել կամ խուճապ տարածել, ավելին՝ այն օրերին, երբ Վարդենիսը հրետակոծվում էր, այդքան խուճապ չկար, որքան այս օրերին։

Անդրադառնալով սահմանին ավելի մոտ գտնվող գյուղերի բնակչության տրամադրություններին, Թագուհի Թովմասյանը շեշտեց, որ բոլորը մարտական են տրամադրված։

«Ես շրջել եմ բոլոր համայնքներում, շատ մարտական են տրամադրված, չեն պատրաստվում դուրս գալ իրենց տներից։ Իրենց համար պայմաններ են ստեղծել, հենց ձայն են լսում՝ իջնում են նկուղներ, որտեղ գեղեցիկ հարդարել են, որոշ դեպքերում՝ գեղեցիկ դիզայն ապահովել։ Բոլորն ապրում են իրենց առօրյա կյանքով, նրանց թշնամին չի վախեցրել, ոչ էլ կարող է վախեցնել»,- շեշտեց Թ. Թովմասյանը։

Ինչ վերաբերում է թշնամու ագրեսիայի հետևանքով զոհված քաղաքացիական անձանց, պատգամավորն ասաց, որ տխուր է այդ մասին խոսելը, քանի որ մարդու կյանքի աստվածային իրավունքն ըստ էության այս օրերում ոչինչ է։

«Մեծ Մասրիկի մեր հայրենակիցը, որը զոհվեց՝ քնած էր, խաղաղ քնած։ Հիմա սրանից հետո, եթե մենք պետք է մտածենք, որ միջազգային հանրությունը կամ որևէ մեկը պետք է մեզ տեր կանգնի, ոչ, մենք ենք մեր տերը, մեր անվտանգության երաշխավորը և, ցավոք, այդ անվտանգությունը կյանքեր է արժենում»,- եզրափակեց նա։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս