«ԵՄ դեսպանը բավականին տեղեկացված էր իրավիճակի մասին, մենք էլ ավելի մանրամասն ներկայացրեցինք». Արման Եղոյան

Այսօր «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը փակ հանդիպում է  ունեցել ՀՀ-ում ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինի հետ: Հանդիպմանը ներկա է եղել նաև «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը, ով լրագրողների հետ զրույցում ասաց, որ ԵՄ դեսպանի հետ քննարկել են արցախաադրբեջանական սահմանում ստեղծված իրավիճակը:

«Հանդիպման ընթացքում քննարկվեցին բոլոր այն հարցերը, որոնք քննարկում է հասարակությունը, միջազգային տարբեր կառույցներ, քաղաքական շրջանակներ; Մենք ներկայացրեցինք իրավիճակը, բոլոր այն նրբություններով, որոնք ինչ-ինչ պատճառներով կարող է հասու չլինեին տիկին դեսպանին, չնայած ԵՄ դեսպանը  բավականին տեղեկացված էր իրավիճակի մասին, մենք էլ ավելի մանրամասն ներկայացրեցինք»,- նշեց Արման Եղոյանը:

Նա ընդգծեց, որ ռազմական գործողությունների ավարտից և հայկական կողմի հաղթանակից հետո ունենալու են բոորովին այլ վիճակ, թե ինչ վիճակ, այս պահին չի կարող ասել, սակայն եվրոպական շատ երկրներ արդեն գիտակցում են, որ այս ամենն արդեն տարածքային վեճ չէ, այլ այդ ամենը վերաճել է թուրքական ագրեսիայի մի ճակատի:

«Թուրքիան այսօր այդ գործողությունները վարում է բոլոր ճակատներով, մեր բոլոր գործընկերների հետ խոսելիս՝ այս մասին ես շատ հստակ ասում եմ, բոլորն էլ դա գիտեն, դա ակնհայտ է, հարցն այն է, թե ինչպես պետք է կանգնեցնեն Թուրքիային: Այսօր մենք գործ ունենք ոչ թե Ադրբեջանի հետ, այլ Թուրքիայի կողմից կռվող վարձկան ահաբեկիչների հետ: Ադրբեջանի հարցերն արդեն լուծված է, և այդ հարցը լուծել է Թուրքիան, ըստ էության, այսօր Ադրբեջանը չունի այն սուվերենությունը, որն ուներ 10 օր առաջ»,- շեշտեց Արման Եղոյանը:

Մանրամասները՝ 168.am-ի հետ տեսնյութում

Տեսանյութեր

Լրահոս