Ո՞ւր են պատգամավորների, նախարարների ու փոխնախարարների կամավորական ջոկատները, ինչո՞ւ նրանք բուշլատներով հիմա վայենկոմատների մոտ չեն

Երեկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուղիղ եթերում մարտակոչ ուղղեց ՀՀ այն քաղաքացիներին, որոնք զորակոչվել են մեկ տարի առաջ և զորակոչի ենթակա չեն: Նա հայտնեց, որ նոր է պարզել և տեղյակ չէր, որ օրենքն այնպես է գրված, որ զորացրվելուց հետո մինչև 1 տարի այդ քաղաքացիները զորահավաքի ենթակա չեն լինում: Փաշինյանը նշեց, որ վերջիններս տնից սաղավարտ, բուշլատ վերցնեն ու մեկնեն ճակատ՝ երկիրը պաշտպանելու:

Իսկ Նիկոլ Փաշինյանը դեռ չի՞ պարզել, որ զորակոչի ենթակա չեն նաև իր կաբինետի պաշտոնյաներն ու պատգամավորները, իսկ ինչո՞ւ այս օրհասական պահին կոչ չի անում նաև նրանց կամավորագրվել բանակին:

ԱԺ-ում վերջին 9 օրում միայն այսօր է կեսժամանոց նիստ գումարվել: Հարց է առաջանում, այդ ի՞նչ կարևոր գործով են զբաղված պատգամավորները: Միայն թե չասեք, որ օգնում են մեզ դիվանագիտական ճակատում: Նրանց օգնածը սահմանափակվում է գովելով ու դիվանագիտական հաղթանակ ներկայացնելով այս հպարտ  միայնությունը, որում հայտնվել ենք նրանց իսկ ձեռամբ, կամ էլ նաիվ կոչեր անելով Վրաստանին՝ միանալու ՀՀ-ին և պայքարելու Թուրքիայի դեմ:

Խաղաղ ժամանակներում զինվորի հետ կամուֆլյաժով ֆոտոսեսիաներ անող պաշտոնյաների պակաս չկար: Ասում էին՝ զինվորը թող իմանա, որ պաշտոնյան իր կողքին է: Իսկ ո՞ւր են հիմա այդ կամուֆլյաժները, հագե՛ք և զինվորագրվե՛ք: Պատկերացրեք՝ ինչ ոգի կտա զինվորին, երբ, օրինակ, Արայիկ Հարությունյանը, Մխիթար Հայրապետյանը կամ Ալեն Սիմոնյանը և մնացյալները մարտնչեն նրանց կողքին:

Պարզ է, չէ՞, որ այդ նույն խրոխտ պաշտոնյան հիմա  թաքնվել է զինվորի թիկունքում ու ասում է՝ օրենքով ես զորակոչի ենթակա չեմ, բայց դու՝ ոչինչ, դու գնա, պաշտպանիր ինձ էլ, քեզ էլ: Եթե կենաց ու մահու խնդիր է, եթե հայրենիք ունենալ-չունենալու խնդիր է, ու եթե Փաշինյանն օրենքով ազատվածին կոչ է անում, ապա ինչո՞ւ է թողնում, որ նույն օրենքով ազատված իր բառացիորեն ոչինչ չանող թիմը մնա տաքուկ բնակարաններում:  Լավագույն դեպքում այդ պատգամավորներն ու տարբեր գերատեսչություններում տաքուկ տեղավորված նորաթուխ պաշտոնյաներն  այս օրերին համակարգիչների էկրանների առջև նստած ֆեյսբուքյան էջերում վիրավորական տեքստեր են գրում նախկինների հասցեին կամ թիրախավորում առանձին լրատվամիջոցներին ու նրանց աշխատակից  լրագրողներին: Բանը հասել է նրան, որ պատգամավորը հարվածում է լրագրողի ձեռքում գտնվող խոսափողին ու սպառնալիքներ հնչեցնում…

Փաշինյանը նշում է, որ վերջին մեկ տարում զորացրվածների թիվը 10.000 է, և դա մեծ ռեսուրս է այս կենաց ու մահու պայքարում: Լավ, իսկ ո՞ւր է կառավարության, պատգամավորների, նրանց օգնականների, ամուսինների ու այլ պաշտոնատար անձանց ջոկատը, թե՞ հայրենիքի պաշտպանությունը ժողովրդինն է, հայրենիքի պաշտոնները՝ իրենցը:

Նրանք, ում Փաշինյանը 2.5 տարի քննադատեց, ստորացրեց ու բանտարկեց, այսօր սահմանին են՝ որպես զորահրամանատարներ, իսկ սորոսականները ու ՔՊ-ականները… մեկն ԱՄՆ-ում է, մեկը՝ տան նկուղում, մյուսն էլ էկրանի առաջ երեք րոպեն մեկ գրում  է, որ Փաշինյանն է մեր գերագույն գլխավոր հրամանատարը, ու  փառք Երևանում նստած հերոս Փաշինյանին…

Տեսանյութեր

Լրահոս