«Պետք է փոխվի քաղաքականությունը՝ կապված դաշնակիցների հետ, և պետք է կատարելագործվի պատերազմի մեր ռազմավարությունը»

«Անկախի» խնդրանքով «Ղարաբաղ կոմիտեի» համակարգող, ՀՀ առաջին վարչապետ, 1992-93 թթ․ ՀՀ պաշտպանության նախարար Վազգեն Մանուկյանն անդրադարձել է ներկա իրավիճակին։

– Այժմ Հայաստանի ու ողջ հայ ժողովրդի համար ծանր ու պատասխանատու ժամանակաշրջան է։

Հայտարարվում է, որ Արցախյան պատերազմի այս փուլը հայրենական պատերազմ է։ Իսկապես շատ վճռական պահ ենք ապրում այս հակամարտության մեջ։ Բայց ուզում եմ հիշեցնել, որ երբ Խորհրդային Միությունն օգտագործում էր «հայրենական պատերազմ» ձևակերպումը ֆաշիստական Գերմանիայի դեմ պատերազմում՝ օգտագործելով իր անսպառ մարդկային ու տեխնիկական ռեսուրսները, այնուամենայնիվ պատերազմի գրեթե սկզբից դաշնակցային հարաբերությունների մեջ մտավ ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի հետ, որոնց հետ ուներ գաղափարական հսկայական տարբերություններ։ Բայց տվալ դեպքում համընկնում էին շահերը։ Եվ այդ դաշնակիցների օգնությունն անգնահատելի մեծ էր պատերազմում ռազմական տեխնիկա, տեխնոլոգիաներ, ստրատեգիական հումքեր, տրանսպորտային միջոցներ և սնունդմատակարարելու տեսանկյունից, առանց որի Խորհրդային Միությանը շատ դժվար կլիներ հաղթել։

Ցանկացած երկրի արտաքին քաղաքականության հիմնական նպատակներից մեկը դաշնակիցներ որոնելն է և նրանց հետ արժանապատիվ, վստահելի, հարգանքի և ընդհանուր շահերի վրա հիմնված փոխհարաբերություններ և համագործակցություն կառուցելը։

Մենք այժմ մտել ենք մի պատերազմի մեջ՝ հպարտանալով, որ միայնակ ենք կռվում։ Իսկ Ադրբեջանը զենք ու զինամթերքով է մատակարարվում ոչ միայն Թուրքիայի կողմից։

Այն, որ մեր բանակն այսօր Արցախում հերոսաբար կռվում է, կարողանում է պահել դիրքերը, դա բացառապես մեր զինվորների ու հրամանատարների անգնահատելի քաջության, պրոֆեսիոնալիզմի և մեր ժողովրդի միասնության արդյունքն է։

Ես ինքս եղել եմ Պաշտպանության նախարար պատերազմի ամենավճռական ժամանակ՝ 1992-93 թվականներին։ Ինձ վրա պատասխանատվություն եմ վերցրել ծանր որոշումներ ընդունելու ինչպես հարձակման, դիրքավորման, այնպես էլ նահանջի դեպքում։ Եվ միշտ հարցը դրված է եղել այսպես՝ հաղթել նվազագույն մարդկային կորուստներով։ Պատերազմն էլ երբեք չի ծառայել փիարին կամ ժողովրդի՝ տվյալ պահի սպասումներին, այլ որոշումներ ընդունելիս առաջնորդվել ենք հստակ սկզբունքներով և ռազմական նպատակահարմարությամբ։

Այսօր՝ պատերազմի ժամանակաշրջանում, կա մտածողության մեծ տարբերություն նրանց մոտ, ովքեր գտնվում են Արցախում (անկախ նրանից՝ արցախցի են, թե ոչ) և նրանց, ովքեր գտնվում են Երևանում կամ դրսում։ Իհարկե շատ կարևոր է այն ոգևորությունն ու վճռականությունը, որը կա մեր ամբողջ ժողովրդի շրջանում, բայց ի տարբերություն Արցախից դուրս գտնվողների՝ Արցախում գտնվողներն էյֆորիայի մեջ չեն, իրենց համար սա հոլիվուդյան կինոնկար չէ, այլ իրական կյանք, որով իրենք ապրում են և ապրել են տասնամյակներ շարունակ ու կարողացել են հաղթանակի հասնել։ Այսօր էլ նրանք լի են սառը վճռականությամբ՝ հաղթելու և իրենց ուսերի վրա կրում են այն ծանր բեռը, որն անհրաժեշտ է հաղթանակի համար։

Այժմ շարունակել պատերազմը՝ հիմքում դնելով միայն մեր երիտասարդության հերոսությունն ու զինվորականների պրոֆեսիոնալիզմը, քիչ է հաղթելու և խաղաղություն հաստատելու համար։ Պետք է փոխվի քաղաքականությունը՝ կապված դաշնակիցների հետ, և պետք է կատարելագործվի պատերազմի մեր ռազմավարությունը։

Տեսանյութեր

Լրահոս