«Պետք է աշխարհին ցույց տանք, որ Ադրբեջանն ու Թուրքիան հանցագործներ են, խնդիր ունեն մեզ ոչնչացնելու». Արման Աբովյան
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման Աբովյանի խոսքով՝ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը թեև գտնվում է անազատության մեջ, սակայն տեղյակ է բոլոր գործընթացներից;
«Մենք այսօր ունենք իրավիճակ, պատերազմի մեջ ենք և մենք մեր բոլոր հնարավոր և անհնարին ջանքերը պետք է ներդնենք, հնարավորություններն օգտագործենք, որպեսզի հասնենք հաղթանակի: ԲՀԿ-ականներն առաջնագծում են, երեկ Դավիթ Մանուկյանն է գնացել, Արայիկ Աղաբաբյանը, մեր ֆրակցիայի կանայք էլ երկու օր առաջ Վարդենիսում էին»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց Արման Աբովյանը:
Անդրադառնալով միջազգային հանրութան արձագանքներին, Արման Աբովյանն ասաց, որ վերջին մի քանի օրերի ընթացքում միջազգային հանրության հռետորաբանությունը և մատնանշումն աստիճանաբար գնում է ճշմարտություն և արդարություն: Արդեն իսկ անհերքելի է, որ Թուրքիան և Ադրբեջանն օգտագործում են ահաբեկչական կազմակերպություններին:
«Եվրախորհրդարանի պատգամավորներն արդեն ներքին կարգով գնում են քննարկումների՝ ընդհուպ մինչև պատժամիջոցների կիրառում Թուրքիայի դեմ: Դրա հետ մեկտեղ, մենք արդեն գիտենք, որ Կանադան է արդեն մասնակի գնացել հստակ քայլերի, որի արդյունքում չեն մատակարարելու ԱԹՍ-ներ: Մենք պետք է ապացուցային բազա հավաքենք և հավաքում ենք, որպեսզի ցույց տանք, որ Ադրբեջանն ու Թուրքիան հանցագործներ են, պետք է աշխարհին ցույց տանք, որ նրանք խնդիր ունեն մեզ ոչնչացնելու»,- շեշտեց Ա. Աբովյանը:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում