«Գնացել ենք Արցախ, ասել ենք՝ զենք տվեք, գնանք կռվենք՝ ինձ ասել են՝ ապրես, որ եկել ես, բայց քո անելիքն այնտեղ է». Էդմոն Մարուքյան
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ռազմական դրությունից ելնելով՝ չի կարող մեկնաբանել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի երեկվա մարտակոչը՝ մեկ տարի առաջ զորացրված զինվորներին կամավորագրվելու և սահման մեկնելու վերաբերյալ:
«Կար մարտակոչ, ուրեմն՝ պետք է արվի»,- ասաց Է. Մարուքյանը:
Հիշեցնենք, որ երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում մարտակոչով հանդես եկավ, հորդորելով վերջին մեկ տարվա ընթացքում զորացրված քաղաքացիներին՝ կամավորագրվել և մեկնել սահման:
Էդմոն Մարուքյանի խոսքով՝ այս պահին ունի բազմաթիվ հարազատներ, որոնք առաջնագծում են, հարազատների մի մասի հետ չի կարողանում կապ հաստատել:
«Իմ մտերիմ ընկերոջ ընտանիքի անդամներից մեկը զոհվել է, սպասում եմ՝ գնամ հոգեհանգստին: Մեր անձնակազմում բազմաթիվ օգնականներ առաջնագծում են, առաջին օրից դիմել են, որ կուսակցական ջոկատ կազմեն, գնան առաջնագիծ՝ մերժել եմ, ասել, որ մենք ունենք պետություն և բոլորդ պետք է ներկայանաք զինկոմիսարիատներ: Եղբայրս էլ երեկվա դրությամբ Տավուշում բաներ էր մատակարարում, չասեմ ինչ: Մենք էլ գնացել ենք Արցախ՝ գործընկերներով, ասել ենք՝ զենք տվեք, գնանք կռվենք: Ինձ ասել են՝ ապրես, որ եկել ես, բայց քո անելիքն այնտեղ է, գնա անելիքդ այնտեղ արա: Պատերազմն ունի ճակատներ՝ դիվանագիտական և ռազմաճակատ, եթե մարդը պիտանի չէ ռազմաճակատում, կարող է դիվանագիտական ճակատում մեծ դեր կատարի, նույնը մեզ ասվել է Արցախում»,- եզրափակեց Էդմոն Մարուքյանը: