Բաժիններ՝

ԱՄՆ-ը պաշտպանում է Տոկիոյում Օլմպիադայի անցկացումը 2021 թվականի ամռանը. Պոմպեո

Միացյալ Նահանգները համակողմանիորեն պաշտպանում է համավարակի պատճառով հետաձգված Օլիմպիական եւ Պարալիմպիական խաղերի անցկացումը Տոկիոյում 2021 թվականին: Հոկտեմբերի 6-ին այդ մասին հայտարարել է ԱՄՆ-ի պետքարտուղար Մայքլ Պոմպեոն Տոկիոյում Ճապոնիայի վարչապետ Յոսիհիդե Սուգայի հետ կայացած հանդիպման ընթացքում։

«Հանդիպման սկզբում վարչապետ Սուգան ողջունել է պարոն Պոմպեոյի այցը Ճապոնիա եւ հայտարարել, որ շուտափույթ ապաքինում է մաղթում (ԱՄՆ-ի) նախագահ (Դոնալդ) Թրամփին եւ տիկին (Մելանյա) Թրամփին, որոնք վարակվել են կորոնավիրուսով: Ի պատասխան պետքարտուղար Պոմպեոն նրան շնորհավորել է վարչապետի պաշտոնում նշանակվելու առթիվ:

Բացի դրանից, նա հայտարարել է, որ լիովին պաշտպանում է հաջորդ տարի Օլիմպիական եւ Պարալիմպիական խաղերի անցկացումը Տոկիոյում»,- ասված է Ճապոնիայի արտգործնախարարության հաղորդագրության մեջ: Նաեւ կողմերը համաձայնության են եկել ամրապնդելու երկկողմ համագործակցությունն ազատ եւ բաց Հնդկա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի հայեցակարգի առաջշարժման նպատակով: Բացի դրանից, նրանք կարծիքներ են փոխանակել ԿԺԴՀ-ի եւ առեւանգված ճապոնացի քաղաքացիների հարցի շուրջը: Հոկտեմբերի 6-ին Պոմպեոն հանդիպել է Ճապոնիայի արտաքին գործերի նախարար Տոսիմցու Մոտեգիի հետ, նաեւ նրա մոտ պլանավորված է քառակողմ հանդիպում Ավստրալիայի, Հնդկաստանի եւ Ճապոնիայի արտգործնախարարությունների ղեկավարների հետ: Տոկիոյում Խաղերը պետք է տեղի ունենային 2020 թվականի հուլիսի 24-ից մինչեւ օգոստոսի 9-ը: Համավարակի պատճառով մրցումները մեկ տարով հետաձգվեցին: Օլիմպիական խաղերը կկայանան 2021 թվականի հուլիսի 23-ից մինչեւ օգոստոսի 8-ն ընկած ժամանակամիջոցում, Պարալիմպիական խաղերն՝ օգոստոսի 24-ից մինչեւ սեպտեմբերի 5-ը: Ըստ որում Խաղերի «Տոկիո-2020» անվանումը կպահպանվի, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս