«Ցանկալի է՝ լինի կոնսուլտացիաներ, որպեսզի հասկանանք, թե ինչ են առաջարկում, ինչ են քննարկում». Էդմոն Մարուքյանն առաջարկում է փակ քննարկում անցկացնել

ԱԺ «Լուսավոր Հայաստան» ղեկավար Էդմոն Մարուքյանի խոսքով, քանի որ ադրբեջանական ագրեսիայի պատճառով Հայաստանում հայտարարվել է ռազմական դրություն, հետևաբար՝ վաղը խորհրդարանում կայանալիք Կառավարության հետ հարցուպատասխանն անիմաստ է, որովհետև ռազմական դրությունից ելնելով՝ բոլոր հարցերը համարվում են ռազմական գաղտնիք:

«Սակայն անհրաժեշտ են կոսուլտացիաներ, տեսնում ենք, որ ինտենսիվ շփումներ կան Մինսկի խմբի համանախագահ երկրների ղեկավարների կամ պաշտոնատար անձանց հետ, որի մասին  ըստ էության որևէ տեղեկատվություն չկա: Հետևաբար՝ ցանկալի է, որ լինի կոնսուլտացիաներ, որպեսզի հասկանանք, թե ինչ են առաջարկում, ինչ են քննարկում, որպեսզի մենք էլ մեր առաջարկներն անենք, գլուխ գլխի տանք այս իրավիճակից դուրս գալու համար: Սա է իմ առաջարկը, որը, կարծում եմ՝ խորհրդարանական կառավարման երկրում կարևոր է»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց Էդմոն Մարուքյանը:

Անդրադառնալով դիվանագիտական հարթակում հայկական կողմի աշխատանքներին և միջազգային հանրության արձագանքին՝ Էդմոն Մարուքյանն ասաց, որ դիվանագիտական աշխատանքը բավականին լավ է գնահատում, քանի որ հայկական կողմը կարողացավ հասնել նրան, որ խիստ հայտարարություններ եղան ուղղված Թուրքիային, ինչը, Էդմոն Մարուքյանի խոսքով՝ կարելի է ասել, որ առաջին անգամ է տեղի ունենում:

«Մենք կարողացանք հասնել նրան, որ միջազգային հարթակներում եղան հայտարարություններ առ այն, որ Ադրբեջանն օգտագործում է վարձկանների, ահաբեկչական տարբեր խմբավորումների ներկայացուցիչների, որոնք գլխացավանք են լինելու այս տարածաշրջանում և մարտահրավեր են լինելու այս տարածաշրջանի երկրների համար, Իրանի,  ՌԴ-ի և եվրոպական տարբեր երկրների համար»,- հավելեց Է. Մարուքյանը:

Նա նաև տեղեկացրեց, որ երեկ տեղի է ունեցել ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի նիստը, որտեղ քննարկվել  է Արցախի խնդիրը, թեժ խոսակցություն է տեղի ունեցել: Հայկական կողմից իր հետ միասին հանդես է եկել նաև Ռուբեն Ռուբինյանը:

«Մեր բոլոր գործընկերներին տեղեկացրել ենք, թե ինչ է կատարվում, հենց այդ պահին Արցախում ռմբակոծվում էին մանկապարտեզներ, դպրոցներ, խիտ բնակեցված թաղամասեր, և դրանք ռմբակոծվում էին ըստ էության արգելված զենքերով: Արձագանքների մասով չեմ կարող մանրամասներ ասել, հիմնականում առանց նախապայմանների կոչեր էին հնչում՝ դադարեցնելու արյունահեղությունը, Մինսկի խմբի շրջանակներում վերադառնալ բանակցությունների:  Ինչ վերաբերում է Մինսկի խմբի երեք երկրների ղեկավարների հայտարարությանը, ապա վերջին տարիներին դուք չեք գտնի մի փաստաթուղթ, որի տակ ստորագրած լինեն երեք երկրների ղեկավարները: Այս առումով սա էլ էր մեծ ձեռքբերում»,- շեշտեց Է. Մարուքյանը:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս