Ռուսաստանում COVID-19-ի դեպքերի թիվը մեկ օրում մոտեցել է 11.000-ի
Ռուսաստանում կորոնավիրուսային ինֆեկցիայով նոր հիվանդացածների օրական աճը 10 հազար 888-ի հասել 84 տարածաշրջաններում, որոնցից Մոսկվային բաժին է ընկնում 3 հազար 537-ը: Այդ մասին վկայում են օպերատիվ շտաբի տվյալները, որոնք հրապարակվել են հոկտեմբերի 5-ին:
Ռուսաստանում COVID-19-ի դեպքերի աճը նշվում է սեպտեմբերի սկզբից, երբ օրական աճը գերազանցել է հինգ հազարի նշագիծը: Սեպտեմբերի 19-ի դրությամբ ցուցանիշները վեց հազարի նշագծին են հասել հուլիսից ի վեր առաջին անգամ, սեպտեմբերի 25-ին հաղթահարվել է նոր դեպքերի յոթ հազարի նշագիծը, սեպտեմբերի 28-ին՝ ութ հազարի:
Հոկտեմբերի առաջին օրերին մայիսից ի վեր առաջին անգամ ինը հազարի աճ է արձանագրվել, իսկ հետո 10 հազար դեպք՝ մեկ օրում: Ռուսաստանում շուրջ հազար ուսուցիչներ են կորոնավիրուսով վարակվել սեպտեմբերի առաջին շաբաթվա ընթացքում: Այդ մասին հայտարարել է ՌԴ-ի կրթության փոխնախարար Վիկտոր Բասյուկը:
«Այն թվերը, որոնք դուք ներկայացրել եք, դրանք հաստատվում են, բայց դրա հետ մեկտեղ Ռոսպոտրեբնադզորը նշում է, որ ուսուցիչների հիվանդությունների թվաքանակը նորմայի մեջ է եւ բավականին կայուն է»,-հայտարարել է Բասյուկը՝ հանդես գալով Ռադիո «Կոմսոմալսկայա պրավդա»-ի եթերով, պատասխանելով այն հարցին, թե ճիշտ են արդյոք այն տվյալները, թե կորոնավիրուսով մոտավորապես հազար ուսուցիչներ են հիվանդացել սեպտեմբերի առաջին շաբաթվա ընթացքում:
Երկրում մեկ օրում կորոնավիրուսից մահացել է 117 մարդ, ապաքինվել է 3 հազար 181 հիվանդ: Ռուսաստանի Դաշնությունում աճող արդյունքներով կորոնավիրուսային վարակի 1 մլն 225 հազար 889 (+9 տոկոս) դեպք է գրանցվել 85 տարածաշրջաններում: Դուրս գրվածների թվաքանակն ամբողջ ժամանակաշրջանում կազմել է 982 հազար 324 մարդ, մահվան դեպքերի թիվը հասել է 21 հազար 475-ի, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: