Amnesty International-ը դատապարտում է քաղաքացիական բնակչության նկատմամբ կասետային ռումբերի կիրառումը
Amnesty International միջազգային կազմակերպությունը դատապարտում է Ստեփանակերտի և Շուշիի քաղաքացիական բնակչության նկատմամբ կասետային ռումբերի կիրառումը: Այս մասին հայտնում է կազմակերպության պաշտոնական կայքը:
Կազմակերպությունը նշում է, որ քաղաքացիական բնակչության պաշտպանությունը պետք է լինի գերակա խնդիր՝ նշելով, որ մտահոգիչ են այն տեղեկությունները, որ կասետային ռումբեր են կիրառվել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտի և Շուշի քաղաքի նկատմամբ, որոնց հետևանքով քաղաքացիական բնակչության շրջանում զոհեր են արձանագրվել:
Amnesty International-ը նշում է, որ քանի որ մարտական գործողությունները շարունակում են սրվել, քաղաքացիական բնակչությունը պետք է պաշտպանված լինի, այլ ոչ թե դիտավորյալ հարձակման կամ վտանգի ենթարկվի ։
«Կասետային ռումբերի կիրառումը ցանկացած պարագայում արգելված է միջազգային հումանիտար իրավունքով, ուստի քաղաքացիական շրջանների վրա հարձակման համար դրանց կիրառումը հատկապես վտանգավոր է և կհանգեցնի միայն հետագա զոհերի ու վիրավորների»,- հայտարարել է Amnesty International-ի ղեկավարի պաշտոնակատար Դենիս Կրիվոշեևը:
Amnesty International-ը կոչ է անում լիովին պահպանել միջազգային մարդասիրական իրավունքը և քաղաքացիական բնակչությանը պաշտպանել ռազմական գործողությունների հետևանքներից: