«Ադրբեջանը փոքրիկ, ժամանակավոր հաջողությունները փորձում է ներկայացնել որպես մեծ հաղթանակներ». Արծրուն Հովհաննիսյան

Ադրբեջանի` Արցախի բնակավայրերի զանգվածային հրթիռակոծման պատասխանը Արցախի ՊԲ ուժերը տալիս են` թիրախավորելով զուտ ռազմական օբյեկտները, զորքերը, զորախմբերը: Այսինքն, աշխատում են կոնկրետ ռազմական թիրախների ուղղությամբ:

Ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը` հավելելով, որ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության բոլոր մեղադրանքներն անհիմն են:

Հովհաննիսյանը նշեց, որ այսօր առավոտյան հարավային ուղղությամբ թշնամին լայնածավալ հարձակման փորձ է ձեռնարկել` կիրառելով մեծաթիվ ուժեր, զրահատեխնիկա և այլն:

«Օրվա ընթացքում նույնիսկ իրենց հաջողությունը փորձեցին հերթական անգամ ամրագրել տեսանյութերով, հայկական ստորաբաժանումներում իրենց գտնվելու վերաբերյալ այլ «ապացույցներով»: Բայց սա հերթական օրինակն էր, որ փոքրիկ, ժամանակավոր հաջողությունները փորձում են ներկայացնել որպես մեծ հաղթանակներ: Մեր զորքերը, մեր զորքերի հրամանատարները մարտավարական հնարամիտ, գրագետ խուսավարումներով, ինչի կապակցությամբ բազմիցս ասել եմ, որ պետք չէ շեշտել որևէ դիրքի, նահանջի, զորաշարժի թևանցման կամ շրջանցման մասին մանրամասները, գրագետ գործողություններով կարողացել են հակառակորդին մեծ կորուստներ պատճառել և հետ շպրտել: Մոտավորապես 200 և ավելի զոհ են տվել միայն հարավային ուղղությամբ և միայն այսօրվա մարտերի ընթացքում: Մարտերը բավականին թեժ են եղել, բայց մեր կողմից կատարվել է շատ գրագետ խուսավարում: Եվ հիմա թող փորձեն նույն կերպ ցույց տալ իրենց հաջողությունները»,-մանրամասնեց Հովհաննիսյանը` խոստանալով, որ թշնամու կորուստների ընդհանուր պատկերը 2 օրվա կտրվածքով կներկայացնի վաղը:

Տեսանյութեր

Լրահոս