
Ցավոք, փողն ավելի են կարևորում, քան մարդկանց կյանքը. Իսրայելաբնակ հայերը շարունակում են իշխանությանը կոչ անել՝ զենք չվաճառել Ադրբեջանին

Իսրայելի հայերն իրենց բողոքի ձայնն են բարձրացնում՝ Իսրայելից պահանջելով Ադրբեջանին զենք չվաճառել՝ շեշտելով, որ այդ զենքն ուղղվում է Արցախի խաղաղ բնակչության դեմ, ավելին, վաղ թե ուշ վաճառված անօդաչուները սավառնելու են նաև Թել Ավիվի երկնքում:
Ցավով են նշում՝ ստեղծված իրավիճակը եռակի բարդ է Իսրայելում բնակվող հայերի համար, և տպավորություն է, որ Իսրայելը ոտնակոխ է անում բոլոր այն արժեքները, որոնք սուրբ են եղել իրեն հարգող ամեն իսրայելցու համար:
Պետախ Տիկվայի «Նոյան Տապան» հայկական կրթական մշակութային կենտրոնի ղեկավար Դավիթ Գալֆայանի փոխանցմամբ՝ ինչ քայլ կարողանում են, ձեռնարկում են, որպեսզի Իսրայելը դադարեցնի զենք վաճառել Ադրբեջանին:
«Բողոքի ակցիա կազմակերպել չի ստացվում, որովհետև կորոնավիրուսի պատճառով լրիվ փակ է: Քաղաքից դուրս գալ չի կարելի, տնից հեռանալ 1000 մետրից ավելի հնարավոր չէ: Դրա համար այլ ճանապարհներ ենք փնտրում պայքարելու համար: Օրինակ՝ Ֆեյսբուքում հավաստի ինֆորմացիա ենք տարածում իսրայելցիների համար, նամակներ ենք ուղարկում, հանդիպումներ էլ են լինում: Մեր հիմնական պահանջն այն է, որ Իսրայելը զենք չվաճառի Ադրբեջանին: Բայց դեռ ոչ մի արդյունք չի եղել: Ցավոք, փողն ավելի են կարևորում, քան մարդկանց կյանքը:
Այստեղ նաև դրամահավաք ենք կազմակերպել, երեկ՝ հոկտեմբերի 4-ին, դեղորայքի առաջին խմբաքանակն ուղարկեցինք Հայաստան, սա Թել Ավիվի կենտրոնի ժողովրդի օգնությունն է, իսկ Հայֆայի ժողովուրդն արդեն մի քանի անգամ օգնություն ուղարկել է: Այս ամենից զատ, բոլոր իսրայելաբնակ հայերը դրամական օգնություն են ցուցաբերում, փոխանցումներ են անում «Հայաստան» համահայկական հիմնադրամին»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Դավիթ Գալֆայանը:
Հարցին՝ արդյո՞ք միայն հայերն են բարձրաձայնում այս մասին, թե՞ իրավիճակի լրջությունը հասկանում են նաև մյուսները, Դավիթ Գալֆայանը պատասխանեց.
«Զենք չվաճառելու կոչեր անում են նաև տեղացի հրեաները: Նրանք մեզ շատ են օգնում: Ուղղակի հայերն Իսրայելում քիչ են, ու քաղաքականություն վարելը մի քիչ դժվար է, ադրբեջանական լոբբին այստեղ շատ ուժեղ է: Ալիևը տոննաներով փող է այստեղ ծախսում: Ամեն տարի տեղի լրագրողներին, պատգամավորներին լցնում է ինքնաթիռ, տանում Բաքու, կերուխում են անում»:
Նշենք, որ Երուսաղեմի Հայոց Պատրիարք Նուրհան Արքեպիսկոպոս Մանուկյանն օրերս դիմել է Իսրայելի նախագահ Ռուվեն Ռիվլին՝ կոչ անելով դադարեցնել Իսրայելի կողմից Բաքվին զենք մատակարարելը: Նա նաև դիմել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուին՝ շեշտելով, որ ցավալի է գրել Իսրայելի՝ ադրբեջանական ագրեսիային մաս կազմելու մասին: Նուրհան Արքեպիսկոպոս Մանուկյանը հիշեցրել է՝ Արցախը եղել է Հայաստանի մաս նախքան այն պահը, երբ Ստալինը որոշեց այն բռնակցել Ադրբեջանին: Ընդգծել է, որ Թուրքիան և Ադրբեջանը ուզում են ոչնչացնել հային իրենց իսկ հողում, և, ցավոք, Իսրայելն օգնում է նրանց, որպեսզի հասնեն իրենց նպատակին: Ուստի, խնդրել է օգնել խաղաղություն հաստատել երկու երկրների միջև: