Ով է ՌԴ-ից ժամանել Հայաստան բարձրաստիճան պաշտոնյաներին սպասարկող ինքնաթիռով․ մեկնաբանում է Աննա Նաղդալյանը

Հայաստան ՌԴ բարձրաստիճան պաշտոնյաներին սպասարկող ինքնաթիռ է ժամանել։  Վերջին ժամերին հայաստանյան  մամուլում և համացանցում ակտիվորեն տեղեկություններ են շրջանառվում, որ Հայաստան են ժամանել Ռուսաստանի նախագահական և կառավարական ինքնաթիռներ, ինչը մեծ ուշադրության է արժանացել Հայաստանում, հաշվի առնելով թեժ պատերազմական իրավիճակն Արցախյան հակամարտության գոտում։

168am-ը ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանից հետաքրքրվեց, թե ՌԴ-ից ժամանած ինքնաթիռով ով է եկել Հայաստան։ Աննա Նաղդալյանն ասաց, որ ներկա փուլում Հայաստանում ընթանում են առաջիկայում կայանալիք ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստի նախապատրաստական աշխատանքները։ Ըստ նրա, ինչպես ընդունված է, դրանից օրեր առաջ հյուրընկալող երկիր են ժամանում նախապատրաստական խմբերը՝ արարողակարգ, անվտանգություն և այլ խմբեր, որոնք քննարկում են միջոցառման անցկացման հետ կապված մանրամասներ։

Մեր ճշտող հարցին, թե ՌԴ-ից բարձրաստիճան պաշտոնյա չի՞ ժամանել Երևան, Աննա Նաղդալյանը պատասխանեց․ «Իմ տվյալներով՝ ոչ»։

168am-ի մեկ այլ հարցին, թե հնարավոր չէ՞ ՌԴ նախագահի այց  Հայաստան, և ԱԳՆ-ն տեղեկատվություն չունենա այդ մասին, ԱԳՆ մամուլի խոսնակը պատասխանեց՝ ոչ, նման բան հնարավոր չէ։

Ամփոփելով իր խոսքը՝ Աննա Նաղդալյանն ասաց, որ այսօր ՌԴ-ից Երևան է ժամանել նախապատրաստական խումբ։

«Իսկ թե ինչ ինքնաթիռով են եկել, ինչ բորտով են եկել, չեմ կարող ասել, որովհետև նման տեղեկատվության չեմ տիրապետում, այլ թռիչք չի եղել։ Եկել է պաշտոնական ինքնաթիռ, բայց թե որ կարգի՝ չեմ կարող ասել»,- ասաց նա։

Նշենք նաև, որ Flight Radar24-ը, որը հետևում է աշխարհում օդանավերի շարժին, տեղեկություն էր այսօր տարածել, որ Երևան է ժամանել Ил-96 ինքնաթիռը, որը  սպասարկում է ռուսաստանյան բարձրաստիճան պաշտոնյաներին, և ըստ ամենայնի այդ ինթնաթիռով են հենց ՀՀ  ժամանել ՌԴ նախապատրաստական խմբի անդամները։

Հիշեցնենք նաև, որ հոկտեմբերի 9-ին նախատեսված է Երևանում անցկացնել ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստը, որին մասնակցելու հրավեր էր ստացել նաև ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը:

Տեսանյութեր

Լրահոս