ՌԴ-ն փորձում է ֆորմալ և ոչ ֆորմալ առումով ազդել իրավիճակի կայունացման վրա. Ալեքսանդր Մարգարով

Ռուսաստանը փորձում է նպաստել տարածաշրջանում իրավիճակի կայունացմանը՝ պահպանելով սեփական դերակատարությունը՝ որպես տարածաշրջանային ազդեցություն ունեցող երկիր: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին նշեց քաղաքագետ Ալեքսանդր Մարգարովն՝ անդրադառնալով Ռուսաստանի արձագանքին Լեռնային Ղարաբաղի հակամարտության սրմանը:

«Ռուսաստանը մի կողմից հանդես է գալիս որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր, մյուս կողմից ունի դաշնակցային հարաբերություններ Հայաստանի հետ համապատասխան նորմատիվային բազայի շրջանակում, առկա է նաև համագործակցություն ՀԱՊԿ-ի շրջանակում: ՌԴ-ն հանդես է գալիս որպես երկիր, որն ի վիճակի է լրացնել այն ջանքերը, որոնք ուղղված են կայունության ապահովմանը տարածաշրջանում, երկարատև խաղաղության հաստատմանը, և որ կողմերը գան համաձայնության, այլ ոչ թե կիրառեն ուժ»,-ասաց քաղաքագետը:

Ալեքսանդր Մարգարովի խոսքով՝ Ռուսաստանը հանդես է գալիս որպես քաղաքական դերակատար, որն ունի տարբեր դերային բնութագրեր մեր տարածաշրջանում: Նախ, Ռուսաստանը, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներից մեկն է, որը ներառված է արցախյան կոնֆլիկտի կարգավորման գործում մոտ 30 տարի: Մյուս կողմից Հայաստանը Ռուսաստանի հետ 90-ական թվականներից ունի իրավական բազա երկկողմանի համագործակցության համար թե քաղաքական, թե ռազմաքաղաքական ոլորտներում: Եվս մեկ դերակատարում, որը բնութագրվում է Ռուսաստանին՝ Հայաստանի հետ համագործակցությունն է ՀԱՊԿ-ի շրջանակում:

«Ելնելով այս տարբեր դերակատարումներից, որոնք ունի Ռուսաստանը, վերջին զարգացող գործընթացում փորձում է համահունչ լինել, ինչն արտացոլվեց ԵԱՀԿ Մինսկի խմբի հայտարարության մեջ: Դատապարտելով էսկալացիան՝ կոչ հնչեց բանակցային սեղանի շուրջ վերադառնալու մասին՝ Մինսկի համանախագահողների խումբը դիտարկելով այն ձևաչափը, որի շրջանակում կարող է կարգավորվել կոնֆլիկտը»,-ասաց նա:

Քաղաքագետի խոսքով, Ռուսաստանը փորձում է ֆորմալ և ոչ ֆորմալ առումով ազդել իրավիճակի կայունացման վրա: Փոխհարաբերությունները, որոնք կան Հայաստանի հետ, ցույց են տալիս, որ Ռուսաստանը փորձում է դադարեցնել էսկալացիան, և վերջ տալ կոնֆլիկտի այս թեժ փուլին: Մյուս կողմից, ըստ քաղաքագետի, գալիս են ազդանշաններ, որ անհրաժեշտության դեպքում Ռուսաստանը կարող է, պատրաստ է ներգրավված լինել անվտանգության հարցերի կարգավորման մեջ՝ հաշվի առնելով այն պարտականությունները, որ երկիրն ունի հայ-ռուսական պայմանագրային բազայի հիման վրա:

Տեսանյութեր

Լրահոս