Ես ձեր քաջարի ցավը տանեմ, ի´մ զինվորներ

Այսօր ֆաշիզմը նոր դեմք ունի, որի անունը պանթուրքիզմ է: Եվ որը սպառնում է ոչ միայն Արցախին, Հայաստանին եւ հայությանը, այլ ես վտանգավոր է ամբողջ աշխարհի համար: Այսօր փոքրիկ հայ ժողովուրդը իր անսահման մեծ հայրենասիրությամբ, իր անխորտակ ուժով ու անկոտրում կամքով կանգնած է  Թուրքիայի խելացնոր նկրտումների ճանապարհին: Մեր հաղթանակի առաջին երաշխավորը սեփական ուժերին ապավինելու խիզախությունն ու վճռականությունն է:

Հայ զինվորը դատապարտված է մեկը տասի, քսանի դեմ կռվելու: Դա նրա ճակատագիրն է: Այս ծանր փորձությունը միայն հայ զինվորը կարող էր հաղթահարել, միայն հայ ժողովուրդը կարող էր գոյատեւել այս տարածաշրջանում, այսպիսի անբարո ու անազնիվ թշնամիների հարեւանությամբ:

Ժողովուրդ, որի պաշտպանը աշխարհի ամենաուժեղ, ամենախիզախ, ամենահայրենապաշտ ու ամենավեհ զինվորն է: Հայ զինվորը ադրբեջանա-թուրքական ոհմակի եւ արտերկրյա ահաբեկիչների դեմ պայքարում իր պատվի, արժանապատվության համար ու հաղթանակի նժարին դրել է ամենաթանկը: Ու նրան հաղթել չի լինի:

Ես՝ հայ մտավորականս, զգում եմ, թե ինչպես եմ լցվում իմ զինվորի ուժով, հերոսականությամբ, կամքով… Զգում եմ՝ ինչպես են պնդվում սիրտս, հոգիս, մկաններս: Ես հիմա լավատես եմ, հուսավառ: Եվ հավատում եմ իմ ժողովրդի հզոր, պաշտպանված ու երջանիկ ապագային: Սպասում եմ մեր վերջնական հաղթանակի բաղձալի լուրին: Ես ձեր քաջարի ցավը տանեմ, ի´մ զինվորներ: Հաղթելու ենք:

ՌԱԶՄԻԿ ԴԱՎՈՅԱՆ

hayzinvor.am

Տեսանյութեր

Լրահոս