Հայ բարերար Գագիկ Ադիբեկյանը 50.000.000 դրամ է նվիրաբերել «Մասիսը՝ Արցախի կողքին» ծրագրի իրականացման համար
Ադիբեկյան ընտանեկան բարեգործական հիմնադրամը Մասիսի զարգացման հիմնադրամի հետ համատեղ իրականացնում են «Մասիսը՝ Արցախի կողքին» բարեգործական ծրագիրը:
Ծրագրի շրջանակներում օգնություն է ցուցաբերվելու Արցախից Մասիս քաղաքում հարկադրաբար ապաստան գտած ընտանիքներին, Մասիս քաղաքից Արցախ մեկնած և վիրավորված մարտիկներին ու նրանց ընտանիքներին:
Խրախուսվելու են Մասիս քաղաքից մարտական գործողությունների ժամանակ հերոսաբար կռված զինծառայողները:
Մասիս քաղաքում աշխատանքները առավել օպերատիվ կազմակերպելու նպատակով Մասիսի Զարգացման հիմնադրամի վարչական շենքում ստեղծվել է «շտաբ-կենտրոն», որտեղից համակարգվում են հումանիտար օգնության ընթացիկ աշխատանքները։
Բոլոր մասիսցիների համար սա համախմբման առիթ է, յուրաքանչյուրն իր ներդրուն ունի «Մասիսը՝ Արցախի կողքին» ծրագրի իրականացման աշխատանքներում:
Մասիսի Երիտասարդական կենտրոնը դարձել է կազմակերպչական հարցերի աջակցման կետ: Կենտրոնի կամավորները մոբիլիզացնում և աջակցում են իրականացվող աշխատանքների կատարմանը՝ իրականացնելով մշտական հերթապահություն:
Մասիսը՝ Արցախի կողքին» ծրագրի իրականացման համար Ադիբեկյան ընտանեկան բարեգործական հիմնադրամը տրամադրել է 50.000.000 ՀՀ դրամ:
**
Մասիսի զարգացման հիմնադրամը շահույթ չհետապնդող կազմակերպություն է՝ հիմնադրված 2015 թվականին Adibekyan Family Foundation for Advancement բարեգործական կազմակերպության կողմից՝ Մասիս քաղաքի զարգացումը խթանելու նպատակով։ Հիմնադրամի գործունեության նպատակն է միավորել բնակիչներին Մասիս քաղաքի կյանքի որակի բարելավման գործընթացի շուրջ և ձևավորել ակտիվ ու մտահոգ քաղաքացիների նոր սերունդ, որն ապագայում իր ավանդը կունենա Հայաստանի զարգացման և բարգավաճման գործում:
2016 թվականին Հիմնադրամը ստեղծել է Մասիսի երիտասարդական կենտրոնը քաղաքի երիտասարդների նախաձեռնությունների զարգացման համար՝ աջակցելով արդեն առկա, այնպես էլ նոր ծրագրերի իրականացմանը:
Մասիսի զարգացման հիմնադրամի գործունեության մասին առավել մանրամասն կարող եք ծանոթանալ www.ilovemasis.com կայքում: