![](/banners/BeFunky-design.jpg)
Շանհայում մինչև տարեվերջ կարգելեն չքայքայվող պլաստիկե տոպրակների օգտագործումը
![](https://168.am/wp-content/uploads/2020/09/1029466.jpg)
Շանհայի իշխանությունները մինչեւ 2020 թվականի վերջը կարգելեն չքայքայվող պլաստիկից միանգամյա առարկաների արտադրությունը, վաճառքն ու օգտագործումը հասարակական սննդի, հյուրանոցային գործարարության եւ էլեկտրոնային առեւտրի օբյեկտների համար: Սեպտեմբերի 29-ին այդ մասին հայտնել է Yicai Global լրատվական ռեսուրսը՝ վկայակոչելով քաղաքի Զարգացման եւ բարենորոգումների գործերի կոմիտեի համապատասխան որոշումը:
Արգելքի տակ կհայտնվեն միանգամյա պլաստիկե սպասքը եւ նույնիսկ պլաստիկե ձողիկով բամբակի փայտիկներները: Չքայքայվող պլաստիկե տոպրակները, իշխանությունների որոշման համաձայն՝ այլեւս չի կարելի լինի օգտագործել ինտերնետով պատվիրվող սննդամթերքի փաթեթավորման համար: Հետագայում, նշում է ռեսուրսը, պլաստիկե տոպրակներն ամբողջ քաղաքում կարգելվեն առեւտրական կենտրոններում, սուպերմարկետներում, դեղատներում, գրախանութներում եւ ցուցահանդեսային համալիրներում:
Քաղաքային իշխանությունների այս միջոցները Չինաստանի համազգային ջանքերի մի մասն են, որոնք նպատակամղված են չքայքայվող պլաստիկե առարկաներով շրջակա միջավայրի աղտոտման նվազեցմանը: Հունվարին Զարգացման եւ բարենորոգումների գործերի պետկոմիտեն խստացրել է այն կանոնները, որոնք համակարգում են բարակ տոպրակների եւ պլաստիկից ուրիշ առարկաների արտադրությունը, վաճառքն ու օգտագործումը: Այս ուղղությամբ ընդհանուր պլանն առաջիկա հինգ տարվա ընթացքում կիրականացվի մի քանի փուլով: Երկրի շուրջ 20 նահանգներ, ներառյալ Գուանդունը, Հայնանը, Շենսին եւ Շանդունը, նշված ժամկետից շուտ են ընդունել մի շարք դրույթներ, որոնք սահմանափակում են չքայքայվող պլաստիկից առարկաների օգտագործումը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: