Բաժիններ՝

Փորձնական օդային տագնապի ազդանշան տալու անհրաժեշտություն չկա. հարկ եղած դեպքում այն կլինի իրական

Հայաստանի Հանրապետության տարածքում այս պահին չկա օդային տագնապի ազդանշան տալու անհրաժեշտություն, բայց հարկ եղած դեպքում այն լինելու է ոչ թե փորձնական, այլ իրական: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը:

«Սիրելի՛ հայրենակիցներ, այս օրերին մեր հասարակության որոշակի շրջանակներում լուրեր շրջանառվեցին, թե հնարավոր է փորձնական օդային տագնապի ազդանշան լինի: Պաշտոնապես հայտարարում եմ՝ այս պահին չկա օդային տագնապի ազդանշան տալու անհրաժեշտություն, բայց հարկ եղած դեպքում այն լինելու է ոչ թե փորձնական, այլ իրական: Չնայած նրան, որ այս պահին չկա դրա անհրաժեշտությունը, բայց հատկապես սահմանամերձ շրջանների մեր հայրենակիցներին կոչ եմ անում թարմացնել գիտելիքները՝ վերհիշելով օդային տագնապի ժամանակ վարքագծի պարզագույն կանոնները»,- գրել է Ցոլակյանը:

Նախարարը նշել է, որ արտակարգ իրավիճակների նախարարությունն ունի իրազեկման անհրաժեշտ բոլոր միջոցները՝ «Օդային տագնապ»-ի դեպքում բնակչությանն այդ մասին օպերատիվ տեղեկացնելու համար:

«Հարկ եղած դեպքում իրազեկումն իրականացվելու է էլեկտրաշչակներով, բջջային հեռախոսներին ուղարկվող կարճ sms հաղորդագրությունների տեսքով և զանգվածային լրատվության միջոցներով: Խնդրում և հորդորում եմ բոլորիդ հետևել բացառապես պաշտոնական տեղեկատվությանը»,- հավելել է Ֆելիքս Ցոլակյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս