«Երկու պատերազմում հաղթել ենք, երրորդում հաղթանակը, անշուշտ, մերն է լինելու». Ռիտա Գրիգորյան

40 տարվա մանկավարժ Ռիտա Գրիգորյանը, որը տարիներ առաջ Սումգայիթից Արցախ է եկել, տուն կառուցել, օրեր առաջ էլ ստիպված թողել է Արցախում գտնվող իր տունը, որպեսզի սահմանին կանգնած իր զավակներն իմանան՝ ինքն ապահով է:

«Մեր զինվորի համար ամենակարևորն իրենց երեխաների անվտանգությունն է, իրենց ծնողների անվտանգությունն է: Սա 1992-ը կամ 2016 թիվը չէ, սա մի ուրիշ բան է: Ես ոչ մի անգամ տունս չեմ թողել: Սա առաջին անգամն է, երբ դուրս եմ եկել տնիցս: Բայց ոչինչ, ով սուր կբարձրացնի, նրան էլ կպատասխանեն: Մենք ճիշտ ազգ ենք, մենք ոչ ոքի ոչինչ չենք զիջելու: Իսկ իրենք շատ բան են ուզում, բայց դա չի լինելու»,- 168.am-ի հետ զրույցում պատմում էր տիկին Ռիտան:

Տիկին Ռիտան վստահ է՝ այն, ինչ տեղի է ունենում, միայն Ադրբեջանի ղեկավարի ու նրա ենթակաների պատասխանատվության տակ է: Բնակիչները, ըստ տիկին Ռիտայի, մեղավոր չեն:

«Դուք կարծում եք՝ նրանք ուզո՞ւմ են: Ո՛չ, նրանք պատերազմ չեն ուզում: Կարծում եմ՝ ազգին մեղադրել պետք չէ: Կան վատ մարդիկ, այնպիսին, ինչպիսին Ալիևն է ու նրա ենթակաները: Ամեն ինչ նրանցից է կախված: Նրանք էլ մայրեր ունեն: Հազիվ թե մի մայր ցանկանա արցունք թափել: Ես չեմ հավատում, որ մի մայր կասի՝ «թող իմ տղան գնա, զոհվի»: Ո՛չ: Ոչ ոք դա չի ցանկանում: Թող բոլորն իմանան, որ նրանց մայրերն էլ մեր նման պատերազմ չեն ուզում: Բայց մենք պաշտպանում ենք մեր երկիրը, նրանք՝ ոչ: Բայց դե, ամեն դեպքում՝ հաղթանակը մերն է լինելու»,- ասում էր տիկին Ռիտան:

40 տարվա մանկավարժի խոսքով՝ առաջին երկու պատերազմների ժամանակ երազ է տեսել, որ ամեն ինչ լավ է լինելու, ու այդպես էլ եղել է:

«Երկու պատերազմում հաղթել ենք, երրորդում հաղթանակը, անշուշտ, մերն է լինելու»,- մեզ վստահեցնում էր տիկին Ռիտան:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս