Ռուսաստանի նոր տիեզերակայանում տեղեր կլինեն չորս զբոսաշրջիկների համար
Ռուսաստանի նոր ուղեծրակայանը բաղկացած է լինելու առնվազն հինգ մոդուլներից, որոնց թվում է լուսանցույցներով եւ WiFi-ով առանձին հատվածախուցը՝ չորս զբոսաշրջիկներին տեղավորելու համար: Այդ մասին հայտնել է ՌՏԿ-ի «էներգիա»-ի գլխավոր կոնստրուկտորի առաջին տեղակալ Վլադիմիր Սոլովյովը:
Մայիսին «Ռոսկոսմոսի» գլխավոր տնօրեն Դմիտրի Ռոգոզինը պատմել է, որ Ռուսաստանը նոր շուրջերկրյա ուղեծրակայան կստեղծի 2030 թվականից հետո: Շնորհանդեսում, որը Սոլովյովի կողմից ներկայացված է ՌԳԱ-ի տիեզերական հետազոտությունների ինստիտուտում կազմակերպված «Տիեզերական գիտության օրեր»-ին, նշվում է, որ Ռուսաստանի ուղեծրային ծառայողական կայանը (ՌՈւԾԿ), ի տարբերություն Միջազգային տիեզերակայանի (ՄՏԿ), ուղեծիր է թռչելու 71,6 աստիճան թեքմամբ՝ 51,6 աստիճանի փոխարեն, որպեսզի կարելի լինի դիտել ՌԴ-ի տարածքի մեծ մասը:
Կայանը կոնստրուկցիայով նման է լինելու ռուսական «Միր» կայանին, որը գործարկվել է 1986-2001 թվականներին: Նրա կազմի մեջ կմտնի առնվազն հինգ մոդուլ՝ բազային մոդուլը, նպատակային արտադրական մոդուլը, նյութական ապահովման մոդուլը (պահեստ), հարթակ-մոդուլը (նավիջուցարան)՝ տիեզերական սարքերի հավաքման, գործարկման եւ ընդունման համար, առեւտրային մոդուլը՝ չորս զբոսաշրջիկներին տեղավորելու համար՝ երկու մեծ լուսանցույցներով եւ WiFi-ից օգտելու հնարավորությամբ:
Շնորհանդեսի համաձայն, մոդուլներն ուղեծիր դուրս բերելը պլանավորվում է «Անգարա-Ա5» կրող հրթիռներով՝ Պլեսեցկ կամ Արեւելյան տիեզերակայանից, իսկ մոդուլներն իրենք ստեղծվելու են դեռ չկառուցված միջազգային տիեզերակայանի գիտաէներգետիկական մոդուլի հիման վրա: Ռուսաստանյան նոր ուղեծրակայանի ֆինանսավորումը դեռ չի հատկացվել, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: