«Իրենք վախեցան աշխարհի արձագանքից ու փորձեցին հանդարտ մնալ». Թուրքագետը՝ Ստամբուլում ազգայնամոլների կողմից հայերով բնակեցված թաղերում անցկացված ավտոերթի մասին
Ստամբուլում սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում ազգայնամոլական խմբավորումները Ադրբեջանի դրոշներով ավտոերթեր են կազմակերպել հայերով բնակեցված մի քանի թաղամասերում:
Թուրքագետ Անդրանիկ Իսպիրյանի փոխանցմամբ՝ դրանցից մեկը եղել է Ստամբուլի Քումքափը թաղամասը, որտեղ նաև Հայոց Պատրիարքարանն է գտնվում։
«Քումքափը թաղամասում մեծ թվով հայեր են ապրում, այդ թվում՝ Հայաստանից Ստամբուլ մեկնած անօրինական ապրող և աշխատող հայերը, և մյուսը Բալաթ թաղամասն է, որտեղ արդեն ստամբուլահայեր են բնակվում: Թուրք լրագրողներից մեկը տեսանյութ էր հրապարակել իր Թվիթերի էջում՝ ոստիկանությանը կոչ անելով զբաղվել այս ամենով և պաշտպանել քաղաքացիներին: Թուրքիայի Մեջլիսի նախագահն էլ կոչ արեց, որ ստամբուլահայերին չխառնեն այս ամենին: Իրենք վախեցան աշխարհի արձագանքից ու փորձեցին այդ առումով հանդարտ մնալ, չվնասել հայերին»,- մանրամասնեց թուրքագետը:
Անդրադառնալով ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի և իր թուրք գործընկեր Մևլութ Չավուշօղլուի հեռախոսազրույցին, որը տեղի է ունեցել հոկտեմբերի 1-ին, երբ կողմերը քննարկել են Լեռնային Ղարաբաղի շուրջ լարվածության էսկալացիան՝ Անդրանիկ Իսպիրյանը նկատեց.
«Չավուշօղլուի հետ հեռախոսազրույցը բեկումնային եղավ: Ինչ-որ չափով Ռուսաստանը կարողացավ սաստել Թուրքիային»:
Ավելի վաղ Reuters-ը և արտասահմանյան մի շարք լրատվամիջոցներ հայտնեցին, որ Թուրքիան սիրիացի գրոհայինների է ուղարկում Ադրբեջան` աջակցելու Բաքվին հայերի դեմ սկսված բախումներում:
Լրատվամիջոցներին նրանք ասել են, որ գնում են հանուն փողի, ու իրենց խոստացել են ամսական 1500 դոլար, և իրենց թիվը մոտ 1000 է:
ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունն էլ տեսանյութ է հրապարակել, որով փաստեր է ներկայացնում Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծած պատերազմական գործողություններում թուրքական կողմի մասնակցության, վարձկան-ահաբեկիչների ներկայության և վերջիններիս շրջանում առկա խուճապի մասին:
Հավելենք նաև, որ սեպտեմբերի 29-ին Թուրքիայի ռազմաօդային ուժերի F-16 բազմաֆունկցիոնալ կործանիչի կողմից մարտական խնդիր կատարելիս Հայաստանի օդային տարածքում խոցվել է Հայաստանի ԶՈւ ռազմաօդային ուժերի ՍՈւ-25 գրոհիչը, օդաչուն զոհվել է: