Մոսկվայում COVID-19-ի դեպքերի օրական աճը հասել է մայիսից ի վեր առավելագույն ցուցանիշի
Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում մեկ օրում կորոնավիրուս է հաստատվել 2 հազար 884 մարդու մոտ, դա առավելագույն ցուցանիշն է գրեթե չորսուկես ամսվա ընթացքում: Այդ մասին վկայում են քաղաքային օպերատիվ շտաբի հոկտեմբերի 3-ի տվյալները:
Վարակման ավելի շատ դեպքեր (3 հազար 190) մայրաքաղաքում գրանցվել էին մայիսի 23-ին:
Մեկ օր առաջ օպերատիվ շտաբը հաղորդել էր քաղաքում 2 հազար 704 վարակվածի մասին:
Կորոնավիրուսի զոհերի թիվը Մոսկվայում համավարակի սկսվելուց ի վեր հասել է 5 հազար 314-ի: Վերջին օրվա ընթացքում մահացել է 32 մարդ, դա մահվան դեպքերի առավելագույն ցուցանիշն է հուլիսի 14-ից ի վեր (37 մահվան դեպք):
Քաղաքային օպերատիվ շտաբում ճշտել են, որ մեկ օրում Մոսկվայում հիվանդանոց է տեղափոխվել COVID-19-ով հիվանդ 896 մարդ:
Վերջին տվյալների համաձայն, Ռուսաստանում օրական COVID-աճը կազմել է 9 հազար 859, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: